Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը մարտի 2-ին եղել է իմ սեղանին. Արա Բաբլոյան

Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը մարտի 2-ին եղել է իմ սեղանին. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: 2018թ.-ի մարտի 2-ին իմ առջև դրված է եղել Գագիկ Հարությունյանի` մարտի մեկին թվագրված դիմումը` պաշտոնից ազատվելու հարցով: Մնացածը թող իրավապահ մարմինները որոշեն` ինչո՞ւ են ուշ դրել «Մալբերի» համակարգ, այդ ամենն իրենց խնդիրն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ ավելացնելով, որ այդ ժամանակ համակարգը նոր է ներդվել և աշխատողների երևի կեսից ավելին «Մալբերի»-ին լավ չեն տիրապետել, բայց ինքն այդ հարցը չի կարող մեկնաբանել, թող իրավապահները պարզեն:

«Ամեն դեպքում եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրելու, բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ: Այսինքն` ես չեմ սիրում օրենք խախտել, չեմ սիրում ինքնագործունեությամբ զբաղվել: Ինչ անում եմ, անում եմ օրենքի շրջանակում, մանավանդ պաշտոնում եղած ժամանակ: …Իմ սեղանին եղել է այդ դիմումը, որի հիման վրա ես հայտարարություն եմ արել: Այսքանը», – ասաց Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Նույն գործի շրջանակներում ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, իբր, ՍԴ-ից մարտի 5-ին ստացված գրությունը հետին ամսաթվով՝ մարտի 2-ին ԱԺ մուտք անելու ցուցում տալու համար:

Ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանն, ով այդ ժամանակահատվածում պատասխանատու է եղել փաստաթղթաշրջանառության համար «Հրապարակ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՍԴ-ն գրությունն Ազգային ժողով է ուղարկել մարտի 2-ին, որը հաստատել է նաև Արա Բաբլոյանը: Ազգային ժողովի ընդհանուր բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռուզաննա Արզումանյանն էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդել է, որ Արսեն Բաբայանն իրեն որևէ ցուցում չի տվել ՍԴ-ից ստացված գրության առնչությամբ:

Թե ո՞րն Արսեն Բաբայանին վերագրվող հանցանքի էությունն ու ի՞նչ հետևանքներ է ունեցել այն, որևէ մեկը չի կարողանում բացատրել:

Հավելենք, որ արդեն 3 օր է՝ Արսեն Բաբայանը զրկված է ազատությունից: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարել են, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է, քանի որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընկերն է և բազմից հայտարարել է, որ գործող իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում Թովմասյանի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում