ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հարցաքննության է հրավիրվել ՀՔԾ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հարցաքննության է հրավիրվել ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Tert.am-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության: Այս պահին Արա Բաբլոյանը հարցաքննվում է:

Հիշեցնենք, որ ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Արա Բաբլոյանը երեկ հայտարարել էր, որ ինքը չի խախտել Սահմանադրություն, օրենք, և չի կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։ «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում … Ես սա պաշտոնապես եմ հայտարարում, իրավապահները թող լսեն ու թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- ասել էր նա։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում