Առկա է նպատակաուղղված արշավ՝ ընդդեմ Արցախի իշխանությունների. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Առկա է նպատակաուղղված արշավ՝ ընդդեմ Արցախի իշխանությունների. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ չէր արտացոլվել մեզ համար մի քանի կարևոր իրողություն՝ Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձն ու անօդաչու թռչող սարքի կիրառումն առաջնագծում, և պաշտոնական Ստեփանակերտը միջնորդների հետ այս մասին է խոսել նրանց տարածաշրջանային այցի ընթացքում:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» հայտարարությունը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանը հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության:

Աբրահամյանի պնդմամբ՝ միջնորդների հետ հանդիպմանը պաշտոնական Ստեփանակերտը հավաստել է, որ դեմ է երկու հայ պատանդների հետ ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի փոխանակմանը, քանի որ նրանք հատուկ գործակալներ են և մեղադրվում են սպանության համար:

«Շատ բարդ է պատկերացնել մի հանգուցալուծում, որը կբավարարի երեք կողմերին, ինչպես առաջարկում է վարչապետ Փաշինյանը, հատկապես որ Ադրբեջանը վերջին շրջանում բավական կոշտացրել է իր դիրքորոշումը՝ որևէ տեղ չթողնելով բանակցությունների համար: Ադրբեջանն ամեն կերպ գործընթացը տանում է արգելակման»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ կարիք չկա, որ Արցախի իշխանությունը դիրքորոշում արտահայտի գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների շուրջ. «Այդ ձևակերպումները որևէ ձևով չպետք է ազդեն ՀՀ-ի և Արցախի հարաբերությունների վրա: Բալասանյանն այսօր որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, ունի իր մոտեցումներն ամենատարբեր հարցերի շուրջ և իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք: Չեմ կարծում, թե ՀՀ իշխանությունները դա ընդունում են իբրև պաշտոնական Ստեփանակերտի կարծիք:

Ի վերջո, Բալասանյանը երկար ժամանակ է՝ ակտիվ քաղաքականության մեջ է, եղել է պատգամավոր, ապա՝ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցը»:

Ըստ Աբրահամյանի՝ Արցախի նախագահի առաջիկա ընտրություններում կա ռիսկ, որ թեկնածուների միջև մրցակցությունը կարող է հասարակության ներսում ներքին ջրբաժաններ ստեղծել. «Իշխանության խնդիրն ազատ, արդար, մրցակցային ընտրությունների ապահովումն է: Բակո Սահակյանը կուլիսային որևէ ուղղորդում չի անելու, ամեն ինչ լինելու է հրապարակային»:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Հայաստանի մասնակցությունն Արցախի ընտրություններին կլինի բացառապես դիտորդական առաքելությունների և արտերկրի տարբեր գործիչների հրավիրելու տեսքով:

«Անթույլատրելի և վիրավորական է Արցախը հակահեղափոխության օջախ դիտարկելը: Առկա է նպատակաուղղված արշավ՝ ընդդեմ Արցախի իշխանությունների: Կան ուժեր, որոնք շահագրգիռ են ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հարաբերությունների սրմամբ և Արցախում ֆորսմաժորային իրավիճակների ստեղծմամբ»,- ամփոփել է Արցախի նախագահի խորհրդականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում