Հրայր Թովմասյան. Դատական իշխանությունը պետք է վաստակի այդ անկախությունը

Հրայր Թովմասյան. Դատական իշխանությունը պետք է վաստակի այդ անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168․am: Կարծում եմ օբյեկտիվ վիճակ է, երբ հանրային մեծ հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է մի որոշում, որը կարող է և հանրային իշխանությունների կողմից ճիշտ չընկալվել կամ իրենց սրտով չլինել։ Այս մասին, 168․am-ի «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ ավելացնելով, որ նման իրավիճակ եղել է Ֆրանսիայում, Ռուսաստանում ու այլ երկրներում։

«Ես կարծում եմ հենց սա է պատճառը, և իրադարձությունները պայմանավորում եմ հենց այդ հանգամանքով։ ՍԴ-ն մի քանի որոշումներ է կայացրել, որ հանրային իշխանությունները, չեմ ուզում ասել՝ ճիշտ չեն ընկալել, բայց իրենք այլ ակնկալիքներ ունեին, որ Սահմանդրական դատարանն այլ որոշում կընդունի»,-ասաց Թովմասյանը։

Դիտարկմանը, որ Հայաստանում այդ իրադարձություններն ուղղված են Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ, ՍԴ նախագահը նկատեց. «Ցավոք սրտի, Հայաստանի իրականության մեջ կոլեգիալ մարմիններն ասոցացնում ենք նախագահի հետ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ նախագահն արդարադատության իրականացման պրոցեսում որևէ առավելություն չունի, ընդամնեը մեկ ձայնի իրավունք ունի։ Ի տարբերություն որոշ երկրների, որտեղ ձայների հավասարության դեպքում ՍԴ նախագահի ձայնը վճռորոշ է, մեր իրկանության մեջ, մեր օրենսդրությամբ համարվում է, որ ՍԴ որոշումը չի ընդունվել։ Այս առումով, ՍԴ նախագահի լիազորությունները զուտ կազմակերպչական են»։

Թովմասյանն ընդգծեց, քվեարկության սենյակի գաղտնիք է համարվում, թե ինչպես է ինքը քվեարկել այս կամ այն հարցի վերաբերյալ։

«Դա գաղտնիք է, որևէ մեկն իրավունք չունի այդ մասին հայտարարել, սենյակում միայն ՍԴ դատավորներն են, որոնք իրավունք չունեն հրապարակայնացնել, թե ով ինչպես է քվեարկել»,-նշեց նա։

Անդրադառնալով ՍԴ-ում ճգնաժամի առկայության մասին հայտարարություններին, Թովմասյանն ասաց, նման ճգնաժամ չկա։

«Վենետիկի հանձնաժողովն էլ հայտարարեց, որ քաղաքական իշխանության փոփոխության հետևանքով դատական իշխանությունը չպետք է փոփոխվի։ Միշտ նշվել է, որ դատական իշխանությունն անկախ է, և որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դատական իշխանությանը։ Բայց ես կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է վաստակի այդ անկախությունը, և դա այնքան էլ հեշտ չէ։ Միգուցե այն «ճնշումները» և իրադարձությունները, որ տեղի են ունենում ՍԴ շուրջ, հենց այն ճանապարհն է, որով դատարանը վաստակում է իր անկախությունը։ Ոչ ոք սկուտեղի վրա դրած չի բերելու ու անկախությունը չի մատուցելու, դատավորի աշխատանքն ամենալվ ու ամենավատ աշխատանքն է։ Ամանելավն է, երբ դու քո խղճի հետ կռիվ չունես, երբ խղճիդ հետ խաղաղությամբ ես ապրում ցանկլացած որոշում կայացնելիս։ Եվ ամենավատ մասնագիտությունն ու աշխատանքն է, երբ դու կռիվ ունես քո խղճի հետ, որ դու անկախ չես»,– ասաց ՍԴ նախագահը՝ ընդգծելով, որ երկրի զարգացման, անվտանգության ու կայունության գրավականը անկախ դատական իշխանությունն է։

Հրայր Թովմասյանի խոսքով, բարդ որոշումներ ընդունելուց առաջ ինքը եկեղեցի է գնում, որ չսխալվի։

«Ես գիշերներն արթնանում եմ, հերթական որոշումը նորից կարդում եմ, քաղաքական էջն ինձ համար ջնջված է, այդ էջը գոյություն չունի այլևս, այդ կապերը չկան, չես կարող ասել, որ այդ կապերն ընդհանարպես գոյություն չունեն, նախկին կուսակցական ընկերներ կան, նրանց մեջ հարազատ մարդիկ կան, բայց նրանք զրոյական նշանակություն ունեն արդարադատությունն իրականացնելիս»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում