Լավրովը նոյեմբերին կայցելի Հայաստան

Լավրովը նոյեմբերին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը՝ աղբյուրների հղումով, այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի տրամադրած միջոցներով:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին՝ ռուսական սահմանների մոտ «ռազմա-բժշկա-կենսաբանական ակտիվության» համար և խոստացել է հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը թափանցիկ լինի իր համար:

Մեկ այլ աղբյուր հաստատել է թերթին, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Նա պարզաբանել է, որ հուշագիրը ենթադրում է երկու երկրների համագործակցություն բժշկա-կենսաբանական ոլորտում:

Նրանց թվում, ովքեր կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա, ՌԴ առողջապահության ու պաշտպանության նախարարությունների մասնագետներն են:

ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որոնցում իրականացվում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրվում են վիրուսներ ու շտամներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվայի առանձնահատուկ անհանգստությունն է առաջացնում Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում