Վարդան Ոսկանյանը Մեվլութ Չավուշօղլուի «Սիրիայում կռվող որոշ հայերի» մասին հարցի պատասխանի մասին

Վարդան Ոսկանյանը Մեվլութ Չավուշօղլուի «Սիրիայում կռվող որոշ հայերի» մասին հարցի պատասխանի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման և քրդական ուժերի դեմ գործողությունների խորապատկերին Բաքվի բռնապետի քարոզչամեքենան կրկին սկսեց շրջանառել Արցախում իբր «Քրդստանի բանվորական կուսակցության» ճամբարների առկայության մասին լկտի ապատեղեկտվությունը։

Մյուս կողմից՝ քրդական որոշ լրատվական ռեսուրսներ նորից անդրադարձան Սիրիայի քրդական ուժերի կազմում կռվող, մեղմ ասած, խիստ կասկածելի հայկական գումարտակ-ուրվականին, ինչի մասին տեղեկատվությունն առանց վայրկյան իսկ մտածելու, տարածվեց նաև հայալեզու լրատվադաշտում որոշ կայքերի և ֆեյսբուքյան օգտատերերի միջոցով՝ ընդ որում, երբեմն անհասկանալի «նու պագաձին էլ հայ ա» իբր տրամաբանության խանդավառությամբ։

Իսկ այսօր վտանգավոր ապատեղեկատվության շղթան, որի ռիսկայնության մասին ԶԼՄ-երով, ի դեպ, պարբերաբար խոսել ենք նաև մի քանի հայ արևելագետներով, եզրափակեց և փաստացիորեն դիվանագիտական տիրույթ փոխադրեց պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, որը պատասխանելով «Սիրիայում կռվող որոշ հայերի» մասին հարցին, նշել է, թե «ավելի վաղ ձերբակալվել են «Քրդստանի բանվորական կուսակցության» շարքերում ընդգրկված հայ ահաբեկիչներ, որոնք տարիներ առաջ թուրք դիվանագետներ են սպանել»։

Հաշվի առնելով այս ամենը՝ կուզենայի կրկնել «Արմնյուզ FM»-ի եթերով դեռևս հոկտեմբերի 15-ին ասածս՝ «Եթե հարկ կա հպարտանալու որևէ գումարտակով, ապա դա պետք է լինի հայկական բանակի զորամիավորում, այլ ոչ թե առանց մեր գիտության ստեղծված ինչ-որ խմբավորում»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում