Ոչ մի հույս չունեմ, որ ՀՀ-ում այս գործն օրինական լուծում կստանա. Պաշտպանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին

Ոչ մի հույս չունեմ, որ ՀՀ-ում այս գործն օրինական լուծում կստանա. Պաշտպանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու դատարանի որոշումը կբողոքարկվի՝ սահմանված ժամկետներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպանական թիմի անդամ Լուսինե Սահակյանը։

«Բողոքը շուտ կբերենք, թե ուշ կբերենք, միևնույնն է՝ նյութերը կուղարկվեն Վերաքննիչ դատարան 10-օրյա ժամկետը լրանալուց հետո։ Մենք այդ ժամկետներում կներկայացնեն բողոքը»,– ասաց Լուսինե Սահակյանը։

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են նաև ՄԻԵԴ դիմել՝ Լուսինե Սահակյանը դրական պատասխանեց։

«Ես ոչ մի հույս չունեմ, որ ՀՀ-ում այս գործն օրինական լուծում կստանա։ Կան դատավորներ, որոնք ի զորու են այս գործով օրինական որոշում կայացնելու, բայց վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ դատավորներին նմանատիպ գործերը սկսել են այլևս չմակագրել։ Մեծ հույս չկա, որ Վերաքննիչ դատարանում գործը կմակագրվի այն դատավորին, որն ի զորու է օրինական որոշում կայացնելու։ Հասկանում եմ, որ այս գործով կդիմենք ՄԻԵԴ»,– նշեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է համարել Արսեն Բաբայանի ձերբակալությունը, բայց նաեւ բավարարել է քննիչի միջնորդությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին՝ մերժելով փաստաբանների գրավի միջնորդությունը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նույն օրը փաստաբանները դատարան էին մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Հեղինակ` Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում