ՆԱՍԱ-ն նոր սարք կուղարկի Լուսին՝ ջրի որոնումներ իրականացնելու նպատակով

ՆԱՍԱ-ն նոր սարք կուղարկի Լուսին՝ ջրի որոնումներ իրականացնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՆԱՍԱ-ն շարժական ռոբոտ սարք կուղարկի Լուսնի Հարավային բևեռ, որտեղ կիրականացնի ջրի որոնումներ:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով տիեզերական գործակալությանը, լուսնագնաց սարքը (Volatiles Investigating Polar Exploration Rover) չափսերով համապատասխանում է գոլֆի մեքենայի չափսերին: Այն կուսումնասիրի Լուսնի մակերևույթը՝ ջրի կամ սառույցի առկայության որևէ նշան կամ հետք գտնելու համար:

Մեքենան տվյալներ կհավաքագրի 100 օր, որոնք հետագայում կօգտագործվեն Լուսնի առաջին ջրային ռեսուրսների քարտեզը ստեղծելու համար:

Գիտնականները Հարավային բևեռը դիտարկում են որպես խոստումնալից վայր սառույցի որոնումների համար, որը կարող է կիրառվել մարդկանց համար՝ թթվածին ստանալու նպատակով, ինչպես նաև ջրածին և թթվածին՝ հրթիռների վառելիքի համար:

Սառույցի առկայության մասին տեղեկություններ ՆԱՍԱ-ն ստացել է 2009-ին, երբ հրթիռը բախվել էր Հարավային բևեռի մոտ գտնվող խառնարանին: Մասնագետները կարծում են, որ Լուսնի վրա միլիոնավոր տոննա սառցաջուր կարող է լինել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում