Եթե չլիներ ՍԴ-ի թնջուկը, դժվար թե Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը մեղադրյալներ համարվեին

Եթե չլիներ ՍԴ-ի թնջուկը, դժվար թե Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը մեղադրյալներ համարվեին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եթե Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործում հանցավոր արարք չկա, ապա պետական մարմինները չպետք է պահի թելադրանքին տրվեն: Հետագայում նրանք են պատասխան տալու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին:

«Իրավական կողմով գործին չեմ տիրապետում, բայց համարյա վստահ կարող եմ ասել, որ այս ամենը չէր լինի, եթե չլիներ ՍԴ-ի թնջուկը: Եթե դա չլիներ, դժվար թե Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը մեղադրյալներ համարվեին, և դատավարություն ընթանար: Ես հակված եմ կարծել, որ այս ամենն արվում է Հրայր Թովմասյանին խաղից հանելու նպատակով: Բոլորն էլ գիտեն, որ ոչ Արսեն Բաբայանն է հանցագործ, ոչ էլ առավել ևս Արա Բաբլոյանը»,- ասաց պատգամավորը:

Պետրոսյանի գնահատմամբ՝ հետագայում նրանց անմեղությունն ապացուցելու ռիսկ կա, ուստի պետական մարմիններին խորհուրդ տվեց՝ չտրվել պահի թելադրանքին: «Եթե իսկապես հանցավոր արարք կա, թող հետամուտ լինեն արարքի բացահայտմանը, սակայն եթե չկա, պետք է ձեռնպահ մնալ ավելորդ որոշումներից: Հետագայում նրանք են պատասխան տալու՝ եթե ոչ այս իշխանության, ապա հաջորդ իշխանության ժամանակ»,- նկատեց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Դատավարական կարգավիճակի փոփոխության արդյունքում Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում