Սիրիայից զորքերի դուսբերման հարցում Թրամփն ամենաթափանցիկն է եղել. Սուրեն Սարգսյան

Սիրիայից զորքերի դուսբերման հարցում Թրամփն ամենաթափանցիկն է եղել. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանի ներգրավվածությունը մերձավորարևելյան տարածաշրջանում ամբիցիոզ ծրագիր չէ։ Սիրիան և Ասադն այդ երկրի համար միակ դաշնակիցներն են, Ռուսաստանն այդ տարածաշրջանում այլ դաշնակից չունի, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Ինչո՞ւ են ռուսները որոշել Սիրիա գնալ. նախ, նրանց համար մեծ նշանակություն ունի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Երկրորդ, չի կարելի պետություններում իշխանություններ փոխել «դրսից տղա բերելու» տրամաբանությամբ։ Սա Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի պատերազմն իրենց պատերազմը չէ։ ԱՄՆ կարող է Սիրիայում ընդհանրապես 3 հազար հոգանոց կոնտինգենտ չունենալ, բայց մերձակայքում գտնվող ռազմաբազաներով իր համար կարևոր խնդիրները լուծի։ Այս առումով Թրամփն ամենաթափանցիկն է եղել՝ ասելով, որ զորքերը դուրս է բերում Սիրիայից, չի ցանկանում ուրիշի անվտանգությունն ապահովվել և սեփական զինվորներին մահվան տանել», – ասաց բանախոսը՝ միաժամակ շեշտելով, որ ԱՄՆ-ի կողմից զորքերը Սիրիայից դուրս բերելը դեռ չի նշանակում, որ Միացյալ նահանգները տարածաշրջանում շահեր ընդհանրապես չունի և չի փորձելու դրանք սպասարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում