Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի

Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար կազմված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի անդամները միանշանակ փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, կալանքի ընթացքում գրանցվել է հիվանդությունների բացասական դինամիկա: Մ. Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նսիտում հայտարարեց վերջիններիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի, վտանգված է մարդու առողջությունը»,- ասաց փաստաբանը:

Նա նաև Մ. Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ:

Հիշեցնենք, որ նախքան փաստաբանը, դատավոր Մնացական Մարտիրոյսնաը ներկայացրեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար կազմված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննության արդյունքներ, որի համաձայն ախտորոշման մեջ նշված հիվանդությունները և նրանց բարդությունների արտահայտման աստիճանները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի որոշման 2-րդ հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար, մասնավորապես նրա տեղաշարժը կարելի է ապահովել կողմնակի անձնաց և օժանդակ սարքավորւմների կիրառմամբ:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում