Փոփոխվող Մերձավոր Արևելը և Հայաստանի անվտանգային միջավայրը

Փոփոխվող Մերձավոր Արևելը և Հայաստանի անվտանգային միջավայրը

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Փոփոխվող Մերձավոր Արևելը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով պանելային քննարկումը, որի ընթացքում բանախոսները անդրադարձան մերձավորարևելյան վերջին գործընթացներին, քննարիկեցին դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: 

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Սիրիայի հյուսիսային շրջաններ: Ռազմական գործողությունները դադարեցվեցին հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահի և ԱՄՆ փոխնախագահի հետ բանակցություննենրի արդյունքում, իսկ հոկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների կողմից ընդունվեց համաձայնագիր, որով այս գործընթացներին տրվեց նաև քաղաքական կարգավորում:

Խոսելով թուրքական զորքերի ներխուժման և դրա արդյունքում ունեցած ձեռքբերումների մասին՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Մերձավոր Արևելքում ուժային լուրջ փոփոխութուններ տեղի չեն ունեցել, իսկ Թուրքիան իր նախապես ձևակերպված նպատակին ամբողջությամբ չի հասել: Իսկ տարածաշրջանային մեկ այլ տերության՝ Իրանի ազդեցությունը շարունակում է աճել տարածարջանում, որտեղ նա ունի ռազմաքաղաքական ավելի մեծ ազդեցություն, քան Թուրքիան: Ինչ վերաբերում է գերտերություններին, ապա, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը չի նշանակում, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերանայել իր մոտեցումները տարածաշրջանում, քանի որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի բավակաչափ լծակներ` անհրաժեշտության դեպքում իր շահերը սպասարկելու համար: Իսկ զորքերը դուրս բերելու բուն որոշումը պետք է մեկնաբանել Թրամփի ներքաղաքական և նախընտրական շահերի դիտանկյունից:

Մերձավորարևելյան զարգացումներին զուգահեռ Ադրբեջանում տեղի են ունենում կարևորագույն ներքաղաքական գործընթացներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ մոտ ապագայում նավթային ռեսուսրները սպառվելու են, և անհրաժեշտ է պատրաստվել այդ փոփոխություններին: Հենց այս համատեքստում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մեկնաբանում այդ երկրում տեղի ունեցող փոփոխությունները: Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանական թևում Փաշաևները մեծացնում են իրենց ազդեցություն և իրենց յուրայինները առաջ են մղվում՝ փոխարինելով դեռևս Հեյդար Ալիևի ժամանակից պաշտոնավարող գործիչներին:

Խոսելով Հայաստանի անվտանգային միջավայրի մասին՝ քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյանը նշեց, որ վերջին շրջանում Ալիևը երեք հարթակներում կարողացավ օգտագործել Հայաստանի անգործությունը: Նախ Վալդայում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ հնչեցրեց ագրեսիվ հայտարարություններ: Հետո նույնը շարունակեց Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որին մասնակցում են նաև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները: Եվ, ի վերջո, Չմիավորման շարժման գագաթնաժողովում անցկացրեց պրոադրբեջանական բանաձև՝ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանը, ունենալով դիտորդի կարգավիճակ, նպատակահարմար գտավ չմասնակվել գագաթնաժողովին: Ըստ խոսնակի, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները պետք է պատասխանեն երկու հարցի. արդյո՞ք հնարավորությունները առավելագույն չափով օգտագործվում են, իսկ ստեղծված մարտահրավերները հնարավորինս նվազեցվում են կամ չեզոքացվում: «Մեր իշխանությունները, ինչպես չունեն պատկերացում, թե ինչ են ուզում ներսում, նույն կերպ չունեն պատկերացում, թե ինչ են ուզում արտաքին աշխարհից», – որպես ամփոփում նշեց Բեքարյանը:

Թեև հայերը հաճախ մտովի իրենց պատկերացնում են Եվրոպայում, բայց ֆիզիկապես գտնվում են հենց Մերձավոր Արևելքում: Ուստի տարածաշրջանը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Չնայած այս հագամանքին՝ Հայաստանը չունի Մերձավոր Արևելքի նկատմամբ հստակ քաղաքականություն: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ, Հայաստանը, օրինակ, չի օգտագործում Աֆղանստանի գործոնը հակաադրբեջանական գործողություններում և փորձ չի անում հակադրել Ադրբեջան-Պակիստան համագործակցությանը Հայաստան-Աֆղանստան ձևաչափով: Ըստ խոսնակի՝ Հայաստանը չունի ոչ միայն ընդհանուր հայեցակարգ, այլև կոնկրետ դեպքում ունի օպերատիվ կառավարման խնդիր: Օրինակ, ՀՀ վարչապետը gulfnews-ին տված իր հարցազրույցում անհարկի է կրկնում «հեղափոխություն» տերմինը՝ հաշվի չառնելով այն, որ Ծոցի երկրները միապետություններ են և հեղափոխությունը բացասաբար է ընկալվում:

Քննարկման ավարտին բանախոսները նշեցին, որ Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում նոր ռազմավարությունների մշակման կարիք ունի: Այս գորոծում առանցքային դեր կարող են ստանձնել ոլորտի փորձագետները: 

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում