ԱԳՆ-ն աշխատում է ոչ թե արտաքին, այլ ներքին լսարանի համար. փորձագետ

ԱԳՆ-ն աշխատում է ոչ թե արտաքին, այլ ներքին լսարանի համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովում ընդունված Եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ ողջունելի է, սակայն այս ուղղությամբ ԱԳՆ աշխատանքը չի կարելի գնահատել բավարար: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

«ԱԳՆ-ն միանգամայն իրավացիորեն արձանագրում է, որ մենք, Չմիավորման Շարժման մեջ ունենալով դիտորդ-պետության կարգավիճակ, չէինք կարող որևէ կերպ ներգրավվել կամ ազդել եզրափակիչ փաստաթղթի ընդունման գործընթացի վրա՝ բացառելու համար դրանում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայկական կողմերի շահերին հակասող, հակամարտության էությունը խեղաթյուրող ձևակերպումները: Սակայն միևնույն ժամանակ մեզ համար գաղտնիք չէր, որ Ադրբեջանն այս հարթակը ևս օգտագործելու է իր դիրքորոշումն ամրագրելու համար: Ուստի, անհրաժեշտ էր, այս ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացնել շարժման անդամ երկրների հետ: Սակայն մեր ԱԳՆ-ն նպատակահարմար չհամարեց գագաթաժողովի աշխատանքներին մասնակցությունը, ինչը հնարավորություն կտար անդամ երկրներին Հայաստանի դիրքորոշումն արդյունավետորեն ներկայացնելու տեղերում: Այժմ ԱԳՆ հայտարարությունը որքանով է արդյունավետ միջազգային հանրությանը ու Շարժման անդամ բոլոր երկրներին մեր տեսակետը տեղ հասցնելու տեսանկյունից լուրջ հարց է», – նշեց Վարդանյանն՝ ավելացնելով, որ ԱԳՆ-ն այսպիսով ավելի շատ ներքին լսարանի հարց է լուծում:

Փորձագետի կարծիքով՝ վերջին շրջանում ԱԳՆ ավելի շատ աշխատում է ներքին, քան արտաքին լսարանի համար, ինչն ընկալելի չէ:

«BBC-ի Hard Talk-ի տված իր բավականին խնդրահարույց հարցազրույցը ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը բավականին դրական է գնահատել, քանի որ այն Հայաստանում բուռն քննարկումներ առաջացրեց՝ ցույց տալով, որ մեր երկրում կա բազմակարծություն: Ենթադրվում է, որ ԱԳ նախարարի առաջնային խնդիրը պետք է լինի միջազգային հանրությանը Հայաստանի դիրքորոշումը և շահերը հստակ, փաստարկված ներկայացնելը, այլ ոչ թե ներքին քննարկումներ առաջացնելու համար լրագրողին չհակադարձելն օրինակ առ այն, որ Արցախում ոչ միայն հայեր են ապրում, այլև այն հայկական տարածք է: Կարծում եմ՝ ներքին դիսկուրս առաջացնելու համար այլ գործիքակազմ պետք է օգտագործել», – նշեց Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում