Գոհար Մելոյան. Բուքիքիոյի հայտարարությունը կարելի է որակել որպես դեղին քարտ՝ իշխանություններին

Գոհար Մելոյան. Բուքիքիոյի հայտարարությունը կարելի է որակել որպես դեղին քարտ՝ իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունները սպասելի էին։ Դրանք կարելի է որակել որպես դեղին քարտ՝ իշխանություններին»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը մասնավորապես հայտարարել էր. «Կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի»։

Իրավաբանն ընդգծում է, որ միջազգային կառույցները, այդ թվում Վենետիկի հանձնաժողովը մշտապես ձգտում են հնարավորինս ջերմ հարաբերություններ ունենալ օրվա իշխանությունների հետ, սակայն Հայաստանում կարմիր գծեր հատելն անարձագանք չէր կարող մնալ։

Մելոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՍԴ անդամներից որևէ մեկը թույլ չի տվել այնպիսի արարք, որը նման ճնշումների տեղի տար։

«Կարծում եմ, որ հենց այս դրդապատճառով Վենետիկի հանձնաժողովը նման գնահատական տվեց այս իրադարձություններին։ Արդեն թևակոխել ենք այնպիսի փուլ, որ ՍԴ շուրջ ընթացող քաղաքական գործընթացներում ներգրավվել են իրավապահները, որոնք ակնհայտորեն թույլ են տալիս իրավունքի՝ և բովանդակային, և ընթացակարգայաին կոպտագույն խախտումներ ու ոտնահարումներ»,-ասաց իրավունքի մասնագետը։

Նրա գնահատմամբ, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ենթադրում է, որ իշխանությունները պետք է ձեռնպահ մնան ՍԴ-ի ու ՍԴ նախագահի նկատմամբ ճնշումներից, որը չի տեղավորվում որևէ օրենքի տրամաբանության շրջանակում։

«Ես պետք է ընդգծեմ, որ սա ոչ թե ընդամենը կոչ էր Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից, այլ սա բխում է ՄԻԵԴ բազմաթիվ որոշումներից։ Նախադեպային որոշումներով ամրագրված է գործադիր, օրենսդիր իշխանությունների կողմից՝ դատական իշխանությանը միջամտելու անթույլատրելիությունը։ Անգամ նման ձևակերպում կա, անթույլատրելի է օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանությանը որևէ որակում տալը, ինչ նպատակով էլ փորձեն արդարացնել իրենց գործողությունը»,-ասաց նա։

Գոհար Մելոյանը նկատեց, ամեն անգամ իրավաբանական հանրությունը հույս է հայտնում, որ ահա այս գործողությունից հետո իշխանությունն էլ որևէ քայլ չի ձեռնարկի ու կթողնի, որ դատական համակարգն օբյեկտիվ աշխատի, սակայն ամեն անգամ «նո սենսի հասնող մի նոր գործընթաց է սկսում»։

«Հենց այս պահին էլ նման փուլում ենք, երբ իրավապահ մարմինները գործ են հարուցել հանցակազմի բացակայության դեպքում կամ ուժը կորցրած իրավանորմի վրա մի ամբողջ գործ է կառուցում ու ընթացք է տրվում։ Սրան ուժգին հարվածներ են իրավական պետություն դառնալու ճանապարհին»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում