ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մեկնաբանությունը Շոյգուի՝ Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մեկնաբանությունը Շոյգուի՝ Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ներկայում ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերի, շարունակում են հետևողականորեն զարգանալ: Դրա վկայություններից մեկն էլ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի՝ հոկտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի արդյունքներն են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին նորագույն սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում արտոնյալ պայմաններ և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացման գործում տրամադրած աջակցության համար:

Այցի շրջանակում քննարկվել են նաև արդիական հարցեր՝ կապված Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ: Այս զորամիավորումը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գտնվելու իրավական կարգավիճակի մասին պայմանագրի (կնքված 1992 թվականի օգոստոսի 21-ին) և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի (կնքված 1995 թվականի մարտի 16-ին) հիման վրա: Հիշատակված համաձայնագրերի հիման վրա երկու կողմերի ղեկավարություններն էլ ընդունում են համաձայնեցված ռազմաքաղաքական գործողությունների անհրաժեշտությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման, ինչպես նաև զինված ագրեսիային ադեկվատ և այլ մարտահրավերների արձագանքելու համար:

Հարկ է նշել, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտությունը միշտ ընդգծվում է հենց ՀՀ-ի իշխանությունների, այդ թվում գործող կառավարության կողմից: Կայացած բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ ռուսական զորակազմի և սահմանապահների տեղակայումը ՀՀ-ի տարածքում դիտարկում է որպես զսպող գործոն Անդրկովկասում և հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:

Վերը նշվածից հետո զարմանալի չէ, որ 102-րդ ռազմաբազան, բացի իր բուն պարտականությունները կատարելուց, ակտիվ մասնակցություն ունի հանրապետության հասարակական կյանքում: Ռուս զինծառայողներն օգնում են զարգացնել տեղական ենթակառուցվածքը, իրենց ազդեցությունն են ունենում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, անցկացնում են տոնական հասարակական նշանակալի միջոցառումներ:

Միևնույն ժամանակ հնարավոր չէ չնշել, որ չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրված» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա:

Այս ամենի հետ կապված՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները չեն քննարկում ռուսներն ու հայերը, այլ քննարկում են Արևմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները: Ի՞նչ նպատակ են հետապնդում բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, որոնք նշում են ռուսական զորակազմի՝ ՀՀ-ում տեղակայված լինելու կործանարար հետևանքների մասին և, վերջին հաշվով, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի քայքայումը: Միանշանակ մի բան կարելի է ասել՝ դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Հայաստաննն ու Ռուսաստանը»:

Image may contain: one or more people and people standing

Image may contain: 8 people, people sitting, table and indoor

Image may contain: 1 person, standing

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում