Դավիթ Բաբայան. Այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են

Դավիթ Բաբայան. Այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՆախօրեին Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Կրկին երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր՝ ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում:

Արդյո՞ք ադրբեջանական կողմի ակտիվացումները կապ ունեն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդուման հետ:

Հարցով Panorama.am-ը դիմեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: Նա ընդգծեց, որ հակառակորդի ակտիվացման առիթը միանշանակ ընդունված բանաձևն է, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը հիստերիկ արձագանք էր ստացել Թուրքիայում, Ադրբեջանում, «այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»:

«Սա միայն առիթ է, բայց պատճառն այն է, որ ի դեմս Ադրբեջանի ունենք, իրոք, նացիստական ահաբեկչական երկիր, նրանք չեն վերանայել ոչ իրենց մոտեցումները, ոչ ցանկությունները, ոչ ծրագրերը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ այս գիշեր շփման գծում արձանագրվել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ, բայց որևէ տագնապալի բան չկա, պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իր ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը:

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ ադրբեջանական կողմի ակտիվացումը կապված լինի ինչպես ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունման, այնպես էլ Բաքվում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի հետ:

Հիշեցնենք՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել է հոկտեմբերի 30-ին: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու և չի մասնակցել նիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում