Արցախում ամփոփվել են զորահավաքի արդյունքները

Արցախում ամփոփվել են զորահավաքի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում ՊԲ միավորումներն ու զորամասերը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին:

Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը:

Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է. «Պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը կազմակերպվել է սահմանված ժամկետում: Զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացները հաջողությամբ իրականացվել են տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ: Պետք է փաստել հատկապես պահեստազորայինների՝ իրենց առաքելությունը գիտակցելու բարձր մակարդակը»:

Պետական նախարարը ուշադրություն է հրավիրել համապետական նշանակության միջոցառման ընթացքում ի հայտ եկած որոշ կազմակերպա-իրավական խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ պետք է տարվեն նպատակային, հասցեական աշխատանքներ:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զորավարժության շրջանակում իրականացված զորահավաքային գործընթացների ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները:

Առանձին զեկույցներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի պատասխանատուները: Վերջում բանակի հրամանատարը կարևորելով զորավարժությանն ընդգրկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ խրախուսել է վարչակազմերի ղեկավարներին զորահավաքը բարձր մակարդակով անցկացնելուն օժանդակելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում