«Փաստ». Շքեղությունների սիրահար վարչապետը

«Փաստ». Շքեղությունների սիրահար վարչապետը

«Երբ Փաշինյանը իշխանափոխություն իրականացնելու հայտ ներկայացրեց, ներկայանում էր նոր իմիջով՝ ցույց տալով, թե ինքը մյուսներից տարբերվում է իր գործունեության թափանցիկությամբ:

Վերջինիս համարյա թե բոլոր գործողությունները լուսաբանվում էին ուղիղ եթերների միջոցով:

Որպեսզի ցույց տա, թե ժողովրդից թաքցնելու որևէ բան չունի, Փաշինյանը նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ծախսերի ցուցակ, թե ինչ գնումներ են կատարվել շարժման օրերին:

Իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սկսեց ուղիղ եթերներ կազմակերպել նաև ուղղաթիռից, Բաղրամյան 26-ից և կառավարական առանձնատնից, և մարդիկ զարմացած էին, թե վարչապետն ինչպիսի անմիջականությամբ է շփվում ժողովրդի հետ և թաքցնելու ոչինչ չունի:

Մարդկանց հետաքրքրության կենտրոնում մնալու համար Փաշինյանը նաև սկսեց աջ ու ձախ սելֆիներ անել և նկարները տարածել ֆեյսբուքում:

Բայց ինչքան ժամանակն անցնում է, ժողովրդի համար տեսանելի է դառնում, որ Փաշինյանի կառավարությունը այնքան էլ թափանցիկ չի աշխատում հանրության հետ:

Ավելին՝ կառավարությունը հանրությանը ներկայացնում է միայն այն դրվագները, որոնք իրենց ձեռնտու են, իսկ այն որոշումները, որոնք կարող են դժգոհությունների պատճառ դառնալ, գաղտնի են պահվում հասարակությունից:

Թերևս դա է պատճառը, որ միայն մամուլի հետազոտության շնորհիվ են մարդիկ իմանում, որ վարչապետը գաղտնի որոշմամբ բարձրացրել է նախարարների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ հանրությանը դրա մասին տեղյակ չի պահվել, քանի որ հասարակ աշխատողները կարող էին հարցադրումներ անել, թե ինչու աշխատավարձի մեծ չափով բարձրացումն իրենց չի հասնում:

Սակայն ամեն ինչ միայն այս դեպքով չսահմանափակվեց: Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե պետբյուջեից կառավարական առանձնատան վերանորոգման համար հատկացվել է 2 մլն դոլար, և այդ ամենը կրկին գաղտնի է պահվել հանրությունից:

Որոշ ժամանակ անց էլ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել, քանի որ շքեղությունների սիրահար վարչապետ Փաշինյանի համար նախկին իշխանություններից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան հնացած է:

Իշխանություններին թվաց, թե այս շռայլությունները կարողացան մարսել, հանրության շրջանում դժգոհություն չկա, հիմա էլ աշխատակազմի ղեկավարի խոսքերից պարզ է դառնում, որ իշխանությունները մտադիր են Փաշինյանին սպասարկող նոր ինքնաթիռ ձեռք բերել, որը գնելու համար պետական միջոցներից ծախսվելու է ահռելի գումար՝ 55 մլն դոլար:

Ու ամենահետաքրքիրն այն է, որ իրեն թափանցիկ համարող կառավարությունն այս բոլոր ծախսերը կատարում է գաղտնիության քողի ներքո, որի համար որպես հիմնավորում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշում է, թե դա օրենքի պահանջ է:

Ամենայն հավանականությամբ, կառավարությունը օրենքի վրա հղում է կատարում, որպեսզի խուսափեն հանրությանը ներկայացնել այն փաստերը, թե ինչով են հիմնավորված այդպիսի շռայլ ծախսերը:

Եվ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ելույթներ կունենար ԱԺ-ում ընդդիմադիր Փաշինյանը, երբ բյուջեից այդպիսի ծախսեր արվեին նախկինում:

Պարզապես քարը քարի վրա չէր թողնի:

Կառավարության որդեգրած այս քաղաքականության արդյունքում կասկածներ են առաջանում կապված նաև այն գումարների հետ, որոնք, ըստ Փաշինյանի, տարբեր անձինք վերադարձրել են բյուջե:

Եվ գլխավոր հարցն այն է, թե այդ գումարները ծառայո՞ւմ են ըստ նպատակի, թե՞ դրանք առկա են միայն հայտարարություններում կամ ինչ-որ սառեցված վիճակում են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում