«Փաստ». «Վտանգ­նե­րը շատ առար­կա­յա­կան են, ընդ որում՝ չի թաքց­վում քա­ղա­քա­կա­նու­թյունն ու նպա­տա­կը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Փաստ». «Վտանգ­նե­րը շատ առար­կա­յա­կան են, ընդ որում՝ չի թաքց­վում քա­ղա­քա­կա­նու­թյունն ու նպա­տա­կը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընտրված թիրախների դեմ իրականացվող արշավը՝ լինեն դրանք արժեքների, թե անձերի տեսքով, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանի կարծիքով, տեղավորվում են մեկ ընդհանուր տրամաբանության ու քաղաքականության մեջ:

«Եթե մեղմ ասեմ՝ ակնհայտ է, որ կա արժեքային ընկալումների տարբերություն: Իսկ եթե բուն խնդրի մասին խոսենք, կտեսնենք, որ իշխանության է եկել մի թիմ, որն ավանդական արժեքների, պետության գիտակցման և նմանատիպ խնդիրների ընկալում չունի և չի էլ ունեցել: Փաբերում կրթված, օտար գրանտներով սնված և մշտապես պետությունը վարկաբեկող մադկանց մի թիմ է, որն այսօր ստանձնել է երկրի ղեկը:

Հետևաբար, դրանից բխող իրենց մոտեցումներն արտացոլում են հենց այն դաստիարակությունը և այն երևույթները, որոնցով իրենք մշտապես են առաջնորդվել:

Նրանք ատում են, օրինակ՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին՝ իր դավանաբանությամբ, իր հավատքով, իր Աստծով ու ժողովրդով հանդերձ, ինչն ակնհայտ է իշխանության բոլոր մակարդակներում»,– «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ վերջին օրինակը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ սկսված արշավն է:

«Ատում են պաշտանողական համակարգը, ինչը երևում է այն հետապնդումներից ու այն մոտեցումներից, որոնք ցուցաբերում են հրամանատարների, ինչպես նաև հերոսների նկատմամբ: Եվ այսպես շարունակ. բոլոր ոլորտներում և բոլոր ուղղություններով այդ ամենն ակնհայտ երևում է:

Սա իսկապես տեսակի պայքար է, և այդ տեսակի պայքարի մեջ ժամանակավոր հաջողություն ունի ժողովրդի մեջ նստած ամբոխային տրամաբանությունը:

Ավելի շուտ՝ այդ ամբոխային տրամաբանությանը հեծնած քաղաքական թիմը, որը կարողացել է ժողովրդի լռության, անտարբերության կամ, միգուցե, հոգնածության արդյունքում ստեղծված տրամադրություններն այլ նպատակների ուղղել:

Այդուհանդերձ, դա ժամանակավոր երևույթ է:

Որքան իրենք ավելի են սաստկացնում իրենց պայքարն ավանդական արժեքների, այդ արժեքները պահպանող անձանց դեմ, լինի հոգևորական, գիտնական, թե արվեստի գործիչ, այնքան ժողովուրդն ավելի շուտ է հասկանում ու տեսնում, որ տուրք չի տվել այն տրամադրություններին, որոք բխում են մեր շահերից:

Այսպես ասած, դիվահարված գաղափարների ազդեցության տակ են ընկել»,-նշեց մեր զրուցակիցը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, նկարագրվածը կործանման ամենակարճ ու ամենաարագ ճանապարհն է:

«Երբ խարխլվում են արժեքները, երբ հասարակության փարոսները կործանվում են, ու դրանց տեղն անհասկանալի ինչ-որ բաներ են դրվում, ապա դա կործանման ամենակարճ ճանապարհն է:

Իրականում վտանգները շատ առարկայական են, նյութական ու տեսանելի: Ընդ որում՝ այդ քաղաքականությունը չի էլ թաքցվում:

Չի թաքցվում այն նպատակը, որ եկել են քանդելու այն ամենը, ինչը գոյություն ուներ Հայաստանում՝ սկսած պետական ինստիտուտներից, վերջացրած այն հանգամանքներից, որոնք ավելի շատ հոգեբանական կամ ոգեղեն տիրույթում են:

Օրինակ՝ հիմա դատական համակարգը ոչնչացնելու և իրենց կամքին ենթարկեցնելու կռիվ է գնում:

Բայց ամենակարևորն այն է, որ այդ ամենը չի թաքցվում: Երկրի ղեկավարները կանգնում ու բաց տեքստով հայտարարում են, թե էս չի՞ ձեր հերոսը, էս չի՞ ձեր եկեղեցին, հոգևորականը և այլն:

Այսինքն, թիրախներն անգամ չեն էլ կոծկվում: Ամեն ինչ հասել է այն աստիճանի, որ այդ կործանման ճանապարհը ոչ միայն չի թաքցվում, այլ բարձրացված է իշխող թիմի քաղաքականության մակարդակին»,– շեշտեց քաղաքագետը:

Նրա խոսքով, դեպքերն ու զագացումները կարող էին տարբեր գործընթացների համատեքստում դիտարկվել, եթե գործ ունենայինք մեկ, երկու, թեկուզ երեք դեպքի հետ:

«Բայց այդ ամենը տեսնում ենք ամեն օր:

Եվ այս պարագայում, ներողություն, բայց մարդը պետք է անմեղսունակ լինի, որ կարծի, թե այդ ամենը պատահականություն է:

Կան երևույթներ, որոնք չափազանց ակնհայտ ու բաց են. կործանման քաղաքականությունը հստակ ուրվագծված է:

Պարզ է, որ սա նպատակաուղղված և հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է, որի վերջնարդյունքը պետական ինստիտուտների կործանումն է, ինչպես նաև արժեքների կորուստը»,– ընդգծեց Հ. Մ. Շահնազարյանը:

Այդուհանդերձ, քաղաքագետը բացառում է, որ, ի վերջո, չի գերակայելու այն առողջ մթնոլորտը, որն անհրաժեշտ է:

«Կարծում եմ՝ ինչ-որ մի պահից սկսած՝ կգա այդ պահը, թեպետ կարելի է ասել, որ այդ պահն արդեն եկել է: Շատ հատվածներում ակնհայտ է, որ հասարակությունը սկսել է գիտակցել, թե ինչն է խնդիրը:

Հաջորդ փուլին հասարակությունը դեմ է կանգնելու այդ խնդրին և լինելու է ինչ-որ ներքին ըմբոստություն, այդ ամենից ձերբազատվելուն ուղղված պայքար և, ի վերջո, հաղթանակ:

Մենք մի խնդիր ունենք, որն ավելի շատ մենթալիտետի մակարդակում է. մեր ժողովուրդը չափազանց լավատես է, և անգամ ամենավտանգավոր իրողություններում, մինչև դանակը ոսկորին չհասնի, գործում է «լավ կլինի» տրամաբանությամբ:

Հիմա արդեն դանակը ոսկորին է հասել: Հասարակության այն հատվածը, որը գրեթե երկու տարիների ընթացքում լուռ էր, սկսել է ըմբոստանալ, սկսել է խոսել, բարձրաձայնել խնդիրների մասին»,- եզրափակեց քաղաքագետը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում