Թափառող շների ոհմակը մուֆլոններ է հոշոտել

Թափառող շների ոհմակը մուֆլոններ է հոշոտել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ս.թ նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը:

Այս մասին հայտնում են Երևանի Կենդանաբանական այգուց։

Ոհմակը հարձակվել է Այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:

Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով Այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է, որ երեկ՝ հոկտ. 31-ին հարձակվել էր կենգուրուների վրա: Հիշեցնենք, որ կենգուրուների ազատավանդակից հաջողվել է բռնել նույն ոհմակի 3 ձագերին, որոնք տեղափոխվել են Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ:

Երևանի կենդանաբանական այգին ահազանգում է Երևան քաղաքի տարածքում չստերջացված և վտանգավոր շների ոհմակի առկայության վտանգավորության մասին, որը նաև հանրային անվտանգության ապահովման հիմնախնդիր է, քանի որ ոհմակ կազմած, արդեն կենդանու որս արած շները վտանգավոր են թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար։

Դիմում ենք պատկան կառույցներին վերոնշյալ շների ոհմակին հրատապ կարգով գտնելու և վնասազերծելու նպատակով՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու հանրային անվտանգության ապահովման կարևորությունը:

Հավելենք, որ շների ներթափանցման հետ կապված մարդկային գործոնի բացառման համար դիմել ենք նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում