Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են համատեղ պարեկային հսկողություն իրականացնել Սիրիայում

Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են համատեղ պարեկային հսկողություն իրականացնել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսական ռազմական ոստիկանությունն ուղևորվել է թուրքերի հետ առաջին համատեղ պարեկային հսկողություն իրականացնելու Սիրիայի հյուսիսում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Առաջին համատեղ ռուս-թուրքական պարեկային հերթապահությունը ներկայումս անցկացվում է Դարբասիաից արևելք՝ Սիրիայի հյուսիս-արևելքում հետևեկային և օդային ստորաբաժանումների մասնակցությամբ՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 22-ին Սոչիում ձեռք բերած համաձայնության»,- նշում է Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջը:

Ռուսական 5 և թուրքական 4 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունն այսօր կեսօրին դուրս է եկել Դարբասիայից և անցել 110 կմ ճանապարհ՝ մինչև պարեկային հերթապահության վայր:

Պարեկային ավտոշարասյան կազմի մեջ են ռուսական «Վագր», «Թայֆուն» և թուրքական «Ոզնի» զրահապատ մեքենաներ: Ավտոշարասյան անվտանգությունն ապահովել է БТР-82 զրահապատ մեքենան:

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում, Թուրքիայի ռազմական գործողությունների տարածքից արևելք և արևմուտք ընկած հատվածում պետք է անցկացվի թուրք-ռուսական համատեղ պարեկային հսկողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում