ԱՄՆ-ն ցուցադրաբար դուրս եկավ Սիրիայի հյուսիս-արևելքից՝ արտոնելու համար Թուրքիայի ագրեսիան. Արաբագետ

ԱՄՆ-ն ցուցադրաբար դուրս եկավ Սիրիայի հյուսիս-արևելքից՝ արտոնելու համար Թուրքիայի ագրեսիան. Արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ամերիկացի զինծառայողները վերականգնել են Սիրիայի հյուսիս-արևելքում` Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող ալ-Կահտանիա և Ռումեիլան շրջանների նավթի հանքավայրերում պարեկային ծառայության իրականացումը․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղից նրանք ցուցադրաբար հետ քաշվեցին՝ փաստացի արտոնելով Թուրքիային՝ սկսելու «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը:

Իսկ մինչ այս ամերիկյան ռազմական միավորումները շարունակում էին պարեկային գործառույթ իրականացնել Դեյր Զոր նահանգի նավթի հանքավայրերի շրջանում, ինչպես նաև պահպանել ներկայությունը Սիրիայի հարավում՝ Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում տեղակայված, ռազմավարական նշանակություն ունեցող ալ-Թանֆ ռազմաբազայում»,– ֆեյսբուքյան նման գրառում է արել արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա, վերոնշյալը թույլ է տալիս վստահ դատողություն անելու առ այն, որ չնայած Վաշինգթոնից ամենաբարձր մակարդակով հնչած իրարամերժ հայտարարություններին, այդուհանդերձ, ԱՄՆ-ն դեռևս շարունակելու է որոշակի ներկայություն պահպանել նաև Սիրիայի հյուսիս-արևելքում՝ արդեն իր համար կարևորվող շրջաններում։

«Իսկ շուրջ 20 օր տևած պայմանական հեռացումը նշված տարածքներից նույնպես կարելի է գնահատել որպես քրդերին ակնհայտորեն «քցելու» վառ ապացույց»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում