Բարքերի փոփոխություն չեղավ. Մարինե Սուքիասյան

Բարքերի փոփոխություն չեղավ. Մարինե Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այլընտրանքային նախագծեր խմբից» Մարինե Սուքիասյանը գրում է. «Իշխանական նեղ խմբի՝ օր օրի էլիտարացող կյանքը սահուն դառնում է ամենաքննարկվող թեմաներից մեկը։

Իշխանությունը չի պատկերացնում դրա տարածվածության չափը, մասշտաբները։ Ժանրի կանոնների համաձայն՝ օբյեկտիվ փաստերին, օբյեկտիվ իրականությանը գումարվում են լեգենդները՝ կիսաիրական և ուռճացված կամ լրիվ հորինված։ Բայց դա արդեն կարևոր չէ։ Մեխանիզմը միացված է, ու ամեն անկյունում՝ Հյուսիսային պողոտայից մինչև Մեղրի այսօր խոսվում է, թե ինչ ճոխությունների մեջ է ապրում հեղափոխական նախկին ազնիվ, անկաշառ էլիտան։

Փաշինյանի շաբաթօրյա երկարաշունչ լայվը իրականությունից կտրվելու սարսափելի ապացույցն էր։ Միայն իրականությունից կտրված լինելով կարելի էր բացատրել նրա «Նոր տուն» սերիալը. «ընդամենը 200 հազար դոլարի» վերանորոգում, «հո իմը չի՝ պետությանն է», մի համեստ ու զուսպ կյանք, ամենուր սեփական նկարներով պիտույքներ։

Աղքատության մեջ խեղդվող երկրում Մարիա Անտուանետայի հացի խնդրի մասին դասական դարձած պատկերացումերը վերակենդանանում են։ Ո՞վ ստիպեց, ո՞վ հուշեց, ինչո՞ւ արվեց, դժվար է հասկանալ։

Աշխատավարձի բարձրացման գաղտնի որոշումներ, ուղղաթիռային չդադարող վոյաժներ, արտասահմանյան անդադար ուղևորություններ, նոր դղյակ, նոր մեքենաներ, գերթանկ չարտերներ, նոր ինքնաթիռ։ Սրան գումարվում են օլիգարխներից ու նախկին պաշտոնյաներից վերցրած և բյուջե մուտք չարված գումարների մասին լեգենդները։ Ի դեպ՝ լեգենդները շատ ավելի վտանգավոր են, քան իրական, նույնիսկ ամենադառը փաստերը։

Հեղափոխական իշխանությունն ինքը սկսում է հայտնվել հայկական լեգենդի ծուղակում։ Մի օր դա պիտի լիներ։ Դա հենց այն ծուղակն է, որը ձևավորվել էր տարիներ առաջ՝ ընդդիմության և ընդդիմադիր մամուլի ձեռքերով՝ այն մարդկանց, որոնք այսօր իշխանություն են։ Քոչարյանական «չորս միլիարդի», «Մեղրիի հանձնման», 50/50-ի, բոլոր հանքերը 1-2 հոգու պատկանելու և մնացած լեգենդները, որոնք ժամանակին հյուսվել և տարածվել են այն մարդկանց կողմից, որոնք այսօր իշխանության են, նույն մեխանիզմով իրենց տեղը զիջում են նոր Հայաստանի լեգենդներին։ Իրական հիմքը կա, մեխանիզմը նույնպես կա, ուրեմն՝ ոչինչ չի խանգարելու նորերից էլ հրեշներ կերտելուն։ Ցավոք։

Դա նշանակում է՝ երկիրը նոր գաղջի մեջ ներքաշել, դա նշանակում է՝ դարձյալ երկրորդ պլան մղել կարևոր թեմաները, երկրի խնդիրները ու բոլորով միասին ընկղմվել ու խեղդվել բամբասանքի ու ատելության մեջ։

Կա՞ արդյոք հնարավորություն դրանից խուսափելու համար. օր օրի՝ ավելի քիչ։ Օր օրի դժվար է թվում երկրի առողջացման խնդիրը։

Երբ 1.5 տարի շարունակ իշխանությունը ներքին թշնամանք ու պառակտում է սերմանում Հայաստանում և Արցախում, ակնկալել զարգացման մթնոլորտ ուղղակի հնարավոր չէր։ Պետք է լիներ հենց այսպես։

Շատ արագ ձևավորվելու են նոր լեգենդներ, որոնց դերակատարները լինելու են նորերը։ Ամեն նոր լեգենդ լինելու է ավելի վատը՝ ավելի հավաստի ու ավելի հրեշավոր։ Եվ իշխանությունը ստանալու է շատ վտանգավոր ընդդիմություն, բայց ոչ թե գրագետ ու զուսպ մարդկանցից, այլ՝ ատելությամբ լցված զանգվածներից, որոնց ուժեղացնելու են լեգենդներին հավատացող ու իրենց խաբված զգացող նախկին հեղափոխական շերտերը։
Ու սա նույնպես՝ ցավոք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում