Պետությունն իրավունք չուներ խրախուսելու փողոցային, անհայտ ծագման ակցիա. ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր

Պետությունն իրավունք չուներ խրախուսելու փողոցային, անհայտ ծագման ակցիա. ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր սահմանամերձ համայնքներում երեխաները երազում են գոնե մեկ տիկնիկային ներկայացում տեսնել: Պետությունն իրավունք չուներ փողոցային, անհայտ ծագման ակցիա խրախուսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող՝ ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի և մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում իրականացված «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման՝ հասարակության կողմից չընդունվելուն:

«Կարծում եմ միջոցառման առաջնահերթությունը տվել է Կառավարությունը՝ համապատասխան նախարարությունը: Ես չեմ կարող ասել, թե ինչու է առաջնահերթություն տրվել և ինչով է պայմանավորված սա: Նոր եմ վերադարձել Հայաստան, դեռ չեմ հասցրել հանդիպել և քննարկել հարցը»,- ասաց նա:

«Իմ գնահատմամբ՝ չարժեր ոչ մի կոպեկ ծախսել միջոցառման վրա: Եթե դա ակցիա էր, ապա պետք է անեին իրենց միջոցներով, կամ՝ չանեին: Իսկ եթե գնահատեմ 2.7 մլն դրամ հատկացնելը նրանց, պետք է ասեմ, որ կրթության և մշակույթի ոլորտում մեծ ներդրումների կարիք կա»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորմանն ու նպատակին՝ Հովսեփյանն ասաց, որ նպատակն իր համար անհայտ է և առաջնային ուզում է հասկանալ, թե որպես մարզիկի՝ կենսագրական ֆիլմ է, թե որպես սեռական փոքրամասնության:

Հովսեփյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ո՞ւր ենք մենք գնում այդ ամենի լուսաբանմամբ, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է պետության ամենաֆինանսատար հատվածից նման ֆիլմեր և միջոցառումներ ֆինանսավորվում:

«Իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը և՛ գործով, և՛ խոսքով նշում է ազգային արժեքների և ավանդական ընտանիքների մասին: Ես դեռ չեմ հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ, որպեսզի հասկանամ այս ծրագրերի նպատակը: Փաստացի այս տարվա հիմնական ֆինանսավորվող ծրագրերը եղել են հանրության մեծամասնության կողմից անընդունելի: Ի՞նչն է պատճառը, որ այդ թեմաներն են վերհանվում: Կպարզաբանեմ, կհասկանամ, թե ինչ դիրքորոշում կա նախարարության կողմից»,- ամփոփեց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը` նոյեմբերի 2-ին, մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարակից տարածքում տեղի էր ունեցել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը՝ ուղեկցվելով բախումներով: Ոստիկանությունը միջամտել էր`փորձելով կանխել բախումը: Կար նաև բերման ենթարկված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում