Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին

Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 1-ին Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին (Milo Đukanović)։ Այս մասին տեղեկացնում է Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախագահ Ջուկանովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունը՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-չեռնոգորական ավանդական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։

Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և երկրում տեղի ունեցող բարեփոխումները: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին տնտեսության և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության խթանման, առողջապահության, մշակույթի և կրթության բնագավառներում համագործակցության, միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ:

Նույն օրը ՀՀ դեսպանին ընդունեց Չեռնոգորիայի Խորհրդարանի նախագահ Իվան Բրայովիչը (Ivan Brajović): Կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով դրանց ակտիվացման, հատկապես՝ երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում