Հանրապետության հրապարակի հարակից տարածքում կկայանա «Ազատագրել Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» ՔԿՀ-ից» ներկայացումը

Հանրապետության հրապարակի հարակից տարածքում կկայանա «Ազատագրել Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» ՔԿՀ-ից» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՆոյեմբերի 7-ին, ժամը` 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում կկայանա «Ազատագրել Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից» ֆուտուրիստական ներկայացումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը` նշելով, որ միջոցառման կայացման մասին հայտնել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Նոյեմբերի 2-ին հրապարակի հարակից տարածքում կայացած նախորդ ներկայացումը` «ՀուԶանք ու Զանգ»-ը, նկարագրվում էր որպես «մարմնի ազատագրում», չէին նշել` կոնկրետ ինչ մարմին, մենք ավելի մանրամասն նկարագրում ենք, որպեսզի հանդիսատեսն ամբողջական պատկերացում ունենա»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Մալյանը` նշելով նաև, որ այս ներկայացումից հետո նախատեսել են ևս երկու միջոցառում:

«Մենք նախատեսում ենք նաև «Դեբիլների ապստամբություն» ներկայացումը, որի համար պատրաստվում ենք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ֆինանսավորման համար»,- ասաց Նարեկ Մալյանը` ընդգծելով, որ փորձում են գեղեցիկ ու վեհ արվեստը ավելի մատչելի դարձնել հանրությանը:

Հարցին` ինչո՞ւ նաև այս ներկայացման ֆինանսավորման համար չեն դիմել ԿԳՄՍՆ-ին, Մալյանը պատասխանեց, որ ցանկանում են իրենց աշխատանքը ցուցադրել, ցույց տալ` ինչի են ընդունակ, հետո միայն դիմել ֆինանսավորման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում