«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը՝ լրատվամիջոցների անդրադարձի մասին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը՝ լրատվամիջոցների անդրադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել.

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ կրկին անդրադարձ են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետիրական կառուցվածքին և կազմին՝ միայն իրենց (կամ հնարավոր պատվիրատուներին) հայտնի տրամաբանությամբ և շարժառիթներով հանգելով մտացածին, իրականության հետ որևէ աղերս չունեցող հետևությունների, Ընկերության Խորհուրդը և տնօրինությունը պաշտոնապես հայտարարում են.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկության և հրապարակայնության քաղաքականությանը, Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով սահմանված ժամկետից շուտ և դրա պահանջներից առավել, դեռևս 2019 թվականի օգոստոսի 5-ին հրապարակել է իր բաժնետիրական կառուցվածքը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից։ Այս տեղեկատվությունը հասանելի է ՀՀ Կենտրոնական բանկի www.cba.am  և «ԶՊՄԿ» ՓԲԸ www.zcmc.am կայքերում։ Ճշմարիտ տեղեկատվություն որոնողների համար ևս մեկ անգամ հրապարակում ենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետերերի իրական կառուցվածքը։

Իսկ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության անվան և հեղինակության հաշվին, սեփական անձի կամ լրատվամիջոցի նկատմամբ ժամանակավոր հետաքրքրություն առաջացնելու մոլուցքով տարված անձանց հորդորում ենք իրենց երևակայությանը հագուրդ տալուն զուգահեռ հիշել այլ անձանց օրենքով պաշտպանվող և պետության կողմից երաշխավորված իրավունքների ու ազատությունների դեմ ոտնձգելու անթույլատրելիության և օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։

«ԶՊՄԿ» ՓԲԸ Խորհուրդ

«ԶՊՄԿ» ՓԲԸ Տնօրինություն»

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում