Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նսիտի ժամանակ պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ցանկանում են խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ: Նա նշեց, որ նման միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, իսկ որոշումը կայացվել է նախորդ դատական նիստից հետո՝ հոկտեմբերի 15-ին:

Տուժողի իրավահաջորդներից Սեդա Սաֆարյանն ասաց, որ դատական նիստը պետք է շարունակել այլ հարցերի քննությամբ, միջոցներ ձեռնարկել և թույլ չտալ, որ պաշտպանական կողմն ամեն նիստին խափանման միջոցը փախելու հարցով միջնորդություններով հանդես գա այն պատճառաբանությամբ, թե դրանք հրատապ լուծման ենթակա հարցեր են:

Այնուամենայնիվ, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի թույլտվությամբ Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը ներկայացրեց գրավով խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդություն` գրավի չափի որոշումը թողնելով դատարանին: Նա նշեց, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։ Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։

«Այն հինգ ամիսները, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է ազատության մեջ, արդյո՞ք կա մեկ փաստական տվյալ քննությունը խոչընդոտելու ռիսկի վերաբերյալ: Չկա հարգելի դատարան: Արդյո՞ք կա քրեական գործում այնպիսի փաստական տվյալ, որը կարող է թույլ տալ դիտարկել, որ կա քննությունը խոչընդոտելու ռիսկ: Չկա, հարգելի դատարան»,- ասաց նա:

Մեղադրող դատախազն ասաց, որ շարունակում են պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը:

«Այն հանգամանքը, որ հինգ ամիս ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը քննությունից թաքնվելուն ուղղված կոնկրետ գործողություն չի կատարել, որևէ մեկի վրա ներգործություն չի ունեցել, այդ կապակցությամբ դատարանին ապացույցներ չեն ներկայացվել, դեռևս բավարար չէ ուղիղ փաստելու, որ այդ ռիսկերը վերացած են»,- ասաց դատախազը:

Ս. Սաֆարյանը նույնպես դեմ է գրավի կիրառմանը՝ նշելով, որ խափանման միջոցը փոփոխման ենթակա չէ, գրավի կիրառումն անթույլատրելի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում