Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է այն, ինչ կատարվում է. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ

Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է այն, ինչ կատարվում է. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը ճիշտ է համարում, որ ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:

«Ես կարծում եմ, որ ուսանողները ճիշտ են, որովհետև խնդիրը նախ պետք է հասարակական լայն քննարկման փուլ անցնի, որ հասկանանք, թե ինչու են այս առարկաները հանվում», – լրագրողների հետ զրույցում ասաց Արշալույս Գալստյանը։

Նա ընդգծեց՝ արդյոք այս որոշումով չենք վնասում ազգային ինքնությունը։

«Պետք է հասկանանք, թե պարտադիր բաղադրիչն ինչո՞ւ է հանվում և մեր ազգային ինքնությանն արդյոք չենք վնասում: Եթե քննարկումները հասցնեն նրան, որ հասկանանք՝ ոչ մի վնաս չի հասցվում, ապա եկեք հանենք, փոխենք մասնագիտական շատ առարկաներով, բայց եթե դրանով մեր ազգային բաղադրիչին, ինքնությանը վտանգ է սպառնում…», – ասաց դասախոսը։

Նա ընդգծեց՝ շատ լավ հասկանում են, որ եթե ֆակուլտետներին տրվի կամընտրական առարկաներ, ապա նրանք ավելի շուտ առաջ կմղեն իրենց մասնագիտական առարկաները:

«Կարծում եմ՝ կառավարությունը պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնի, որ քաղաքականությունը տանի մեր ազգային, մշակութային արժեքները պահպանելուն։ Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է այն, ինչ կատարվում է», – ասաց Արշալույս Գալստյանը։

Խոսելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին՝ Արալույս Գալստյանն ասաց, որ նախարարի անձն էական չէ։

«Էական է կառավարության դիրքորոշումը, եթե այս նախարարը պիտի հրաժարական տա, փոխարենը գա մեկ ուրիշը, որը շարունակի նույն քաղաքականությունը, ես ոչ մի էական տարբերություն չեմ տեսնում, հարկավոր է, որպեսզի կառավարությունը հստակ հանդես գա, Նիկոլ Փաշինյանը պետք է ականջալուր լինի, շատ հստակ հայտնի իր դիրքորոշումը», – ասաց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում