Արսեն Բաբայանին կալանավորելու որևէ հիմք չի եղել, այս գործն ունի քաղաքական մոտիվացիա. իրավապաշտպան

Արսեն Բաբայանին կալանավորելու որևէ հիմք չի եղել, այս գործն ունի քաղաքական մոտիվացիա. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման մեջ կա քաղաքական մոտիվացիա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա Վերջինիս կարծիքով` բոլոր նրանք, ովքեր քննադատաբար են արտահայտվում այս իշխանության հասցեին, դառնում են թիրախ:

«Իր ձերբակալությունից մի քանի օր առաջ Բաբայանը մի հաղորդման հյուր էր, որի ընթացքում իր քննադատական տեսակետներն էր հայտնում իրավապահ մարմինների մասին: Ճիշտն ասած, մտքովս անցավ, որ այդ ելույթը կարող էր անդրադառնալ Արսեն Բաբայանի վրա, փաստորեն, այդպես էլ եղավ»,- ասաց Ալավերդյանը` ընդգծելով, որ Բաբայանի ձերբակալման որևէ ծանրակշիռ հիմք չի եղել:

Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ այս գործընթացների հիմնական պատճառներից մեկը իշխող ուժի վարած քաղաքականությունն է:

«Վերջերս իշխող խմբի պատգամավորներից մեկն ասել է, որ երբ ասում էին` «մերժիր Սերժին», նշանակում է, մերժում են բոլոր նրանց, ովքեր երրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ինչ-որ դերակատարություն են ունեցել: Հավանաբար, կա ինչ-որ գործիքակազմ, որով ստուգում են, ովքեր են ամբողջովին կողմնակից իրենց»,- ասաց Ալավերդյանը:

Նրա համոզմամբ` Արսեն Բաբայանին առնչվող քրեական գործը կապված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ:

«Կարծես թե վաղուց է հայտնի Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացը: Այդ դեպքում ինչո՞ւ այս գործողությունները սկսվեցին նրանից հետո, երբ ՍԴ-ն ընդունեց բոլորիս հայտնի որոշումը` մերժել ԱԺ դիմումը` Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,– ասաց Ալավերդյանը` նշելով, որ, օրինակ` երբ հարցը վերաբերում է Հրայր Թովմասյանին կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կա նաև անձնավորված քաղաքականություն:

Իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը ձերբակալված է հոկտեմբերի 21-ից: Հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարեց Բաբայանին կալանավորելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում