Արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրն առաջնահերթ է, բայց այն միակը չէ. փորձագետ

Արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրն առաջնահերթ է, բայց այն միակը չէ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախահայության ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգության պահպանման խնդիրը չափազանց կարևոր է, բայց առավել կարևոր է այն ճիշտ ձևակերպելը. մեզ համար առաջնահերթ պիտի լինի արցախահայության՝ սեփական հողում անվտանգ ապրելու և արարելու խնդիրը: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթին և հնչեցրած թեզերին:

«Արցախյան խնդրի կարգավորման համատեքստում մեր առաջնահերթ խնդիրն, այո՛, արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է, բայց սա միակ խնդիրը չէ, և խիստ վտագավոր է այն ամբողջից կտրելն ու առանձին ներկայացնելը: Պիտի հասկանանք, որ Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման զանազան տարբերակներ կարելի է առաջ քաշել՝ ի դեպ, նաև տարբերակներ, որոնք Արցախի կարգավիճակի հետ որևէ անմիջական առնչություն չունեն», – նշեց փորձագետը՝ շեշտելով, որ չպիտի հանենք խնդիրն ազգերի ինքնորոշման իրավունքի համատեքստից. դրանով մենք թուլացնում ենք մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ: 

Փորձագետի կարծիքով՝ մտահոգիչ է, որ ԱԳՆ շեշտադրումները և առաջ քաշվող թեզերը խիստ խոցելի են: «Արցախահայության ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգության պահպանման խնդիրը չափազանց կարևոր է, բայց առավել կարևոր է այն ճիշտ ձևակերպելը. մեզ համար առաջնահերթ պիտի լինի արցախահայության՝ սեփական հողում անվտանգ ապրելու և արարելու խնդիրը», – ամփոփեց Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում