Ծառուկյան. Բա պետական համալսարանն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի

Ծառուկյան. Բա պետական համալսարանն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցում է «Ceramisia» գործարանի բացմանը։ Միջոցառմանը ներկա են նաև պատգամավորներ, Կոտայքի մարզպետը, գործարարներ։

Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ այժմ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվա՞ծ են։

«Տարանջատում կա, բայց էս տարի տնտեսությունը թափ չառավ։ Հիմա տեսնենք կառավարության նոր ծրագիրն ի՞նչ է, նոր մեր տեսակետը կասենք։ Տնտեսության զարգացման համար նախապայմաններ չկան։ Ես մի բան գիտեմ, որ աշխատող մարդը չպետք է աղքատ լինի, պետք է կարողանա իր ընտանիքը բարեկեցիկ պահի։ Հիմա գնում են աշխատանքի, ստանում են 80 հազար կամ 100 հազար դրամ, դա միայն տրանսպորտին բավարար չէ»,-պատասխանեց Ծառուկյանը։

Նրան հիշեցրեցին, որ ինքը և գործարար է, և պատգամավոր, հարցրեցին, եթե բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են, ինքն ի՞նչ գործ ունի Ազգային Ժողովում։

«Ո՞նց, ինչի եմ Աժ պատգամավոր։ Աղջիկ ջան, դու կրթություն ունե՞ս։ Ուզում եմ, իմանամ ի՞նչ ես ավարտել»,-արձագանքեց Ծառուկյանը։

Լրագրողն էլ հայտնեց, ինքը Երևանի պետական համալսարանն է ավարտել։

«Բա պետական համալսարան ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի։ Ուրեմն լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել։ Կարմիր դիպլոմը ծանոթի միջոցով են տվել, ես սեփականատեր եմ ու իմ բիզնեսը կառավարման եմ տվել։ Բա ո՞վ լինի պատգամավոր, դո՞ւ ես ուզում դառնալ պատգամավոր։ Հիմա կեսից ավելին քո նման պատգամավոր է, որ քարը քարին չի դրել, չի տիրապետում, քո պեսներին ի նկատի ունեմ»,-ասաց նա։

Նշենք, որ «Ceramisia» գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո: Կստեղծվի 500-ից մինչև 1000 աշխատատեղ: «Italian Stoneware» հոլդինգը զբաղվում է նաև հյուրանոցային բիզնեսով և ամբողջ աշխարհում նոր շենքերի կառուցմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում