Եթե նույն բառամթերքով պատախանեմ Արայիկ Հարությունյանին, միգուցե հավասարվեմ նրան. ՀՅԴ անդամ

Եթե նույն բառամթերքով պատախանեմ Արայիկ Հարությունյանին, միգուցե հավասարվեմ նրան. ՀՅԴ անդամ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Կեղծ օրակարգ է դա, որ տարբեր ժամանակներում իշխանությունները նետում են հրապարակ՝ դրսի, ներսի Դաշնակցություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Էկոնոմիկա և ֆինանսներ հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարությանը, որով վերջինս դիմեց «ոչ հայաստանցի դաշնակներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, քանի որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»։

«Դաշնակցությունը, լինելով համահայկական կազմակերպություն, ունենալով բազմաթիվ կազմակերպական միավորումներ աշխարհի տարբեր կենտրոններում, ունի նաև գաղափարական կենտրոնացում։ Կեղծ օրակարգ է դա, որ տարբեր ժամանակներում իշխանությունները նետում են հրապարակ՝ դրսի, ներսի դաշնակցություն», – ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ դրա վերաբերյալ սփյուռքի իրենց գործընկերները բազմաթիվ մեկնաբանություններ են ներկայացրել, որ չկա դրսի և ներսի Դաշնակցություն.

«Սրանով կարծեք թե ուզում են ասեն, թե դուք լավը չեք, դուք մեզ քննադատում եք, իսկ մենք դրսի Դաշնակցության հետ տարբեր հարցերով համագործակցում ենք։ Սա սովորական, պարզ մանիպուլյացիա է։ Իսկ գուցե փորձենք հասկանալ՝ նո՞ւյն հարցի վերաբերյալ են տարբեր տեսակետներ ու մոտեցումներ, թե՞ դրանք տարբեր հարցեր են»։

Ինչ վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, թե «այդ անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցությանը», Արմեն Գրիգորյանն արձագանքեց.

«Ես չեմ մեկնաբանի այդ նախադասությունը, որովհետև արժեհամակարգին վերաբերող հարց կա, և նույն բառամթերքով, եթե պատախանեմ, միգուցե հավասարվեմ նրան։ Դա մերը չէ։ Վերջին շրջանում անընդհատ կեղծ օգտատերերը պարբերաբար տարբեր մեկնաբանություններ են անում այդ բառամթերքով, մենք ոչ մի դեպքում նույն կերպ չենք պատասխանել և մնացել ենք մեր բարձրության վրա։ Մենք էլ կարող էինք այդ տեսակի սխեմաներ ստեղծել և պատասխանել դրան, բայց մենք չենք արել, որովհետև կարծում ենք, որ ամենակարևորը ներքին միասնականության և համերաշխության միջավայրի ձևավորումն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում