Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անտեղյակ է սեփական ժողովրդի պատմությունից

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անտեղյակ է սեփական ժողովրդի պատմությունից

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: ԿԳՄՍ նախարար, համատեղության կարգով պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը, որ արաբական երկրների պատմությունը ուսումնասիրելու հետ մեկտեղ մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձներ սեփական ժողովրդի պատմության և հատկապես` քաղաքական պատմության ուսումնասիրությանը, այսօր մամուլի հետ ճեպազրույցի ընթացքում չէր փորձի ճեղքեր որոնել Հայ Հեղափոխական Դաշնակցության կառուցվածքում` «դիմելով ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին» (ուղիղ մեջբերում իր խոսքից):

Պարոն նախարարը որ բավարար չափով ուսումնասիրած լիներ իր ժողովրդի գոնե վերջին 130 տարվա քաղաքական պատմությունը, հիմա կիմանար, որ այդ պատմությունը բազմաթիվ թելերով կապված է Դաշնակցության անվան հետ: Իսկ եթե հայ քաղաքական իրականության մեջ մի կուսակցություն կարողացել է շուրջ 130 տարի գոյատևել, բազմիցս հանդես է եկել առաջնորդողի դերում, տարբեր ժամանակահատվածներում մեր ժողովրդի լինել-չլինելու ամենաճակատագրական պահերին անուրանալի ծառայություններ է մատուցել, ապա Հայաստանում, Արցախում և արտասահմանում ունի այնպիսի կառուցվածքային արդյունավետություն և փոխլրացում, որ ճեղքեր փնտրելը կամ ճեղքեր առաջացնելն ուղղակի ժամանակի անիմաստ վատնում է:

Ի վերջո, պարոն նախարարը որ իր ժողովրդի քաղաքական պատմությանը ծանոթ լիներ, ապա կիմանար, որ Դաշնակցությանը փորձել են պառակտել ու ոչնչացնել օսմանները, երիտթուրքերը, Կովկասում ցարական փոխարքաները: Չի ստացվել, բանտերում տանջել ու կացնահարել են բոլշևիկները: Չի ստացվել: 1990-ականների կեսերին փորձել են պառակտել, արգելել ու բանտարկել, միևնույնն է` չի ստացվել: Եթե պարոն պատմական գիտությունների թեկնածուն այսքանն իմանար, ապա Դաշնակցության հետ հարաբերվելու շատ ավելի արդյունավետ մեթոդների մասին կմտածեր: Ափսոս որ չգիտի:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում