Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք կիրառելու հավանականությանը: Այս մասին տեղեկացնում է haber7.com լրատվականը:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա: Արտգործնախարարը նշել է նաև, որ Անկարա կատարած այցի ժամանակ ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից:

Մաասը հայտարարել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային, թեև զենքի վաճառքի արգելքի մասին պաշտոնական որոշում դեռևս չկա: Ամեն դեպքում, Թուրքիայի հետ զենքի մատակարարման նոր պայմանագրեր չեն կնքվի, իսկ գոյություն ունեցողները կարող են չեղարկվել:

Միևնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ չափազանց կոշտ մոտեցումները կարող են դրդել նրան նոր գործընկերներ փնտրել, ինչպես Ռուսաստանի դեպքում: Դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում