Հիմա Արայիկ Հարությունյանը կճանաչի ՀՅԴ-ին. կրթում ենք կրթության նախարարին (տեսանյութ)

Հիմա Արայիկ Հարությունյանը կճանաչի ՀՅԴ-ին. կրթում ենք կրթության նախարարին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՅԴ երիտասարդները ամփոփեցին ԿԳՄՍ նախարարի դեմ ակցիայի մեկ շաբաթը և երկուշաբթի օրվանից կշարունակեն նստացույցը:

Նրանք նշեցին, որ բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում, բայց Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման սկզբից գնաց ոչ թե խնդիրները լուծելու, այլ բոլորովին այլ ճանապարհով: «Այս ամենի պատճառը դարձավ այն, որ ովքեր քննադատում են իրեն, պարոն Արայիկ Հարությունյանը խավարամիտներ է անվանում: Մեր կողմից նրա հրաժարականի տեքստը հրապարակելուց հետո, զգացվեց նրա ջղագրգիռությունը, նա սկսեց խոսել նախարարին ոչ պատշաճ ձևով ու բառամթերքով»,- ասացին երիտասարդները:

Ըստ նրանց՝ Արայիկ Հարությունյանի ամեն մի հարցազրույցից հետո նրա հրաժարականի պահանջներն ավելանում են, և խորհուրդ տվեցին վերջինիս այլևս այդ թեմայով հարցազրույց չտալ:

«Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, թե դրսի դաշնակցականների հետ հնարավոր է աշխատել, և նրանք պետք է գան, տեր կանգնեն այստեղի կառույցին, հաջորդեցին դրսի դաշնակցականների, երիտասարդական կառույցների տեսաուղերձները, կոչերը, որ միանում են մեզ և պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչն ավելի ջղաձգեց նրան»,– ասաց երիտասարդներից մեկը:

Նրանք հավելեցին, որ իրենց պետականամետությունը ոչ ոք չպետք է շփոթի թուլության հետ: «17 երկրներից դաշնակցական երիտասարդական կառույցները միացել են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Հիմա կճանաչի ՀՅԴ-ին, կրթում ենք կրթության նախարարին»,- ասացին նրանք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, նստացույց անող երիտասարդները բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց, որից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ԿԳՄՍՆ, որտեղ էլ հայտարարեցին անժամկետ նստացույց անելու մասին:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում