Արծվիկ Մինասյանին վեց ամիս է՝ տարբեր քրգործերով տանում-բերում են

Արծվիկ Մինասյանին վեց ամիս է՝ տարբեր քրգործերով տանում-բերում են

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Երկու օր առաջ լուր տարածվեց, որ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Մինասյանին հարցաքննել են վկայի կարգավիճակում՝ կապված իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի ենթադրյալ խախտման հետ։ Երեկ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ չէ, որ իրեն կանչում են հարցաքննության, բայց նաեւ նշեց, որ սա կապ չունի ՀՅԴ երիտթեւի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ սկսված ակցիաների ու նախարարի հրաժարականի պահանջի հետ։ Արծվիկ Մինասյանը դեռ չի շտապում այս քրգործերին ու իր հարցաքննություններին քաղաքական աստառ տալ եւ համարել, որ սա քաղաքական հետապնդում է իր դեմ՝ որպես դաշնակցականի։

«Բոլոր գործերը կապված են իմ նախկին պաշտոնների հետ, հիմնականում՝ բնապահպանության նախարար աշխատած շրջանի հետ, որտեղ ուղղակի վկայի կարգավիճակով ինձնից որոշակի բացատրություններ են ուզում ստանալ։ Որեւէ խնդիր չեմ տեսնում այստեղ, կոնկրետ այս գործով, օրինակ»,- ասաց Մինասյանը։

– Իսկ ի՞նչ գործ է սա։
– Ես 2017 թվականի փետրվարին պաշտոնից ազատել եմ մի տնօրենի՝ Սարգիս Բարսեղյանին, ում պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ ապօրինություններ են եղել։ Ընդ որում, ազատելուց հետո նա օրենքով նախատեսված իր բոլոր վճարումներն ստացել է, իսկ հետագայում հարուցվել է քրեական գործ նրա՝ նախկինում կատարած արարքների համար։ Ավելին ասեմ՝ այդ ընթացքում ինքը, տեսնելով, որ իրավիճակ է փոխվել՝ հայտնի ձեւակերպմամբ ասած, որոշել է հաղորդում տալ, թե իբր ես իրեն ապօրինի հանձնարարական եմ տվել, դրա համար եմ ես իրեն ազատել աշխատանքից։ Իմ հանձնարարականը եղել է «Բրիտանական ավիաուղիների» եւ «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ միջեւ դրամական վեճի հարցը, որը գտնվում է դատական ատյաններում, եւ, ըստ գործող օրենսդրության, քանի որ բրիտանական կողմից կար հաշտության համաձայնության առաջարկություն, ես այս առաջարկությունը փոխանցել եմ Գլխավոր դատախազությանը, դատախազությունը տվել է իր համաձայնությունը, եւ դատական կարգով կնքվել է այդ համաձայնությունը։

– Այսինքն՝ իր տված հաղորդման վրա՞ են Ձեզ հրավիրել հարցաքննության։

– Այո, հարուցված մեծ գործի շրջանակներում ինքն է հաղորդում տվել, որ իրեն պաշտոնից ազատել եմ, որ իբր իմ՝ ենթադրյալ ապօրինի հանձնարարականը չի կատարել։

– Իսկ կա՞ր նաեւ վեճ, որ այդ «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն Ձեր ղեկավարած նախարարության կազմում լիներ, թե ԱԻ նախարարության։

– Այո, կար։ Բայց այդ վեճն այդ գործի հետ կապ չունի, այն շատ ավելի խորքային քաղաքականության վեճ էր։ Իրականում «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն, որ օդերեւութաբանական ծառայություններ էր մատուցում ավիացիայի ոլորտում, փորձ էր արվում միացնել աէրոնավիգացիային, որտեղ մենք դեմ ենք արտահայտվում, որովհետեւ կար շահերի հստակ հակասություն։ Եթե նավիգացիային ձեռնտու է ինֆորմացիան վաճառել ինչքան շատ ինքնաթիռ, այնքան լավ սկզբունքով, ապա այս կազմակերպության համար հիմնական խնդիրն ավտանգության ապահովումն էր։

– Իսկ մյուս քրեական գործե՞րն ինչի հետ են կապված։

– Բոլորը կապված են իմ լիազորությունների իրականացման հետ։

– Որքա՞ն ժամանակ է, որ Ձեզ հրավիրում են հարցաքննության կամ բացատրություն տալու այդ գործերով։

– Մոտ վեց ամիս։

Քննչական կոմիտե՞ են հրավիրում, թե՞ ՀՔԾ։

– Այն գործը, որը ՀՔԾ-ում էր, վերաբերում էր անցյալ տարվա ընտրություններին, թե իբր մի անձի պաշտոնից ազատել են այն պատճառով, որ իբր ինձ չի քվեարկել։

– Դուք բոլոր գործերով վկայի՞ կարգավիճակով եք անցնում։

– Այո։

Կա՞ վտանգ կամ հավանականություն, որ Ձեր կարգավիճակը կարող է փոխվել։

– Չեմ կարծում, որովհետեւ այնքան սպառիչ են եղել իմ պատասխանները, բացատրությունները, օրենքներով հիմնավորումներն ու փաստարկները, որ չեմ կարծում։ Համենայնդեպս, այն քննիչները, որոնց հետ ես շփվել եմ, շատ հստակ, գիտակից պատկերացնող եւ իրավական առումով շատ նորմալ վերաբերմունք ունեն։

– Դուք այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, որ այս գործերով փորձում են Ձեզ ճնշել՝ որպես կուսակցականի։

– Կարծում եմ՝ այսօր դեռ վաղ է եզրակացություն անել՝ քաղաքական ենթատեքստ կա՞, թե՞ չկա, բայց վստահեցնում եմ, որ լինելու դեպքում առնվազն Ձեզ տեղեկացնելու եմ առաջինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում