Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է. Լավրով

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Mediamax.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

Հարցազրույցում Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և նշել, որ վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»,-ասել է Լավրովը:

Հարցազրույցում Լավրովն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Ռուսաստանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին:

«Արդյունքը եղավ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի Արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի ներկայությամբ երկու երկրների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հայ-թուրքական կապերի կարգավորումը, նախ և առաջ, Երևանի և Անկարայի երկկողմ օրակարգի հարց է: «Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է։ Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»,-հավելել է Լավրովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում