Խոշոր իրադարձություն PR-ի ոլորտում. հայկական АPRA-ն ու IPRA գլոբալ ցանցը համագործակցության հուշագիր են ստորագրել

Խոշոր իրադարձություն PR-ի ոլորտում. հայկական АPRA-ն ու IPRA գլոբալ ցանցը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան» (IPRA) և «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» (APRA) համագործակցության հուշագիր են ստորագրել:

Երկու կազմակերպությունների տարածած համատեղ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ըստ համաձայնագրի, ի թիվս այլ գործողությունների, կազմակերպությունները միմյանց հետ փոխանակելու են այնպիսի նյութեր, ինչպիսին են, օրինակ, IPRA-ի «Thought Leadership» խորագրով էսսեները և PR մասնագիտության զարգացմանն օժանդակող այլ կիրառական գիտելիքներ։

«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» (APRA) նախագահ Արա Սաղաթելյանն իր խոսում նշել է, որ IPRA-ի անդամ դառնալը հնարավորություն կընձեռի APRA-ին լինել համաշխարհային ընտանիքի մի մասնիկը և համադրել մեր երկրի փորձառությունը միջազգային տենդենցներին:

«Ավելորդ է ասել, թե որքան կարևոր ենք համարում այս համագործակցությունն ու ակնկալում ենք որ այն կլինի փոխշահավետ։ Լինելով PR մասնագետների առաջին ասոցիացիան Հայաստանում՝ APRA-ն միավորում է կազմակերպությունների և անհատների, որոնք աշխատում են պետական կառույցներում, մասնավոր հատվածում և հասարակական կազմակերպություններում։ Մեր նպատակն է կերտել ամուր, ազատ և ժողովրդավար Հայաստան՝ հաղորդակցության և ազատ երկխոսության միջոցով», – ասել է Սաղաթելյանը:

IPRA նախագահ Սվետլանա Ստավրևան էլ կարևորել է երկու կազմակերպությունների միջև համագործակցության մեկնարկը՝ նշելով. «IPRA-ն համագործակցում է հասարակայնության հետ կապերով զբաղվող ազգային ասոցիացիաների հետ՝ միավորելով աշխարհում PR ոլորտում մասնագիտացած առաջատարներին ու պրոֆեսիոնալներին: Մեր և АPRA-ի միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է տալիս PR-ի ասպարեզում հայերի ստեղծարար ներուժը գործածել միջազգային հարթակներում և հավակնել մեր Golden World Awards մրցանակին»:

Հավելենք, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված IPRA-ն հանրային կապերի մասնագետների առաջատար գլոբալ ցանց է: Այն PR-ի ոլորտում ավելի քան 60 տարվա փորձ ունեցող կազմակերպություն է, որը ներկայացված է ամբողջ աշխարհում, որտեղ գործունեություն են ծավալում հասարակայնության հետ կապերի մասնագետներ:

Իսկ APRA-ն՝ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան», հիմնադրվել է 2003 թվականին՝ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտի մի խումբ պրոֆեսիոնալների կողմից: Կազմակերպության նպատակն է աջակցել Հայաստանում կայուն ժողովրդավարական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը՝ բաց երկխոսության ավանդույթներ և հրապարակային հաղորդակցության մշակույթ ձևավորելու միջոցով: Ներկայումս APRA- ն միավորում է ավելի քան 60 մասնագետի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում