ԼԳԲՏ քարոզչությունը դարձել է «Իմ քայլը» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելություններից մեկը. Կոնստանտին Տեր-Նակալյան

ԼԳԲՏ քարոզչությունը դարձել է «Իմ քայլը» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելություններից մեկը. Կոնստանտին Տեր-Նակալյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ուսանողների բողոքի ակցիան ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ունի պոտենցիալ` դառնալու համազգային պայքար բոլոր հակազգային դրսևորումների դեմ: Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսանողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նա նշեց` «Ադեկվադը» վաղուց է իր զորակցությունը հայտնել ուսանողներին, որոնք իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում հակազգային ու հակապետականռազմավարության վրա, որը որդեգրել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Եթե վերլուծում ենք պետական պաշտոնյաների, և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները, կա մի դրվագ, որում կարելի է լիարժեք համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ, և այդ դրվագն այն հիմար պատճառաբանությունը չէ, թե, օրինակ, «Մել» ֆիլմում չեմպիոնի մասին պատմող հատվածն են ֆինանսավորել, ոչ էլ ինձ համար անսպասելի հայտարարությունն է, որ մենք կովկասցիներ ենք: Այդ դրվագը վերաբերում է, նրան, որ Նիկոլ Փաշինյանը միանշանակ իրավացի է, որ Արայիկ Հարությունյանը միակ վերջնական հասցեատերը չէ այս ամեն ինչում»,-ասաց Տեր-Նակալյանը` նշելով, որ կատարվող իրադարձությունները պետք է քննարկել ավելի լայն համատեքստում: Նա հայտնեց նաև, որ մինչ ակցիային գալը` տեղեկություն են իմացել:

«Մենք այստեղ գալուց իմացանք, որ կառավարությունը հավանության է արժանացրել հերթական եվրոպական կոնվենցիան, որը դեռ պետք է անցնի Սահմանադրական դատարանով և մտնի Ազգային ժողով: Իմացեք, որ այդ կոնվենցիան, ի թիվս այլ բաների, ենթադրում է, որ տարրական դասարանների երեխաներին սեռական բռնության մասին դասընթացներ են անելու, բացատրելու են, թե դա ինչ է, ոնց դրանից խուսափել»,-ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամը` նշելով, թե երբ իշխանության ընդդիմախոսները բարձրաձայնում են, օրինակ, ԼԳԲՏ թեման, «քայլարածների» ճամբարից միանգամից հնչում են կարծիքներ, թե թեման դրոշակ է սարքվում:

«Էլ դրոշակ սարքելու կարիք չկա: ԼԳԲՏ քարոզչությունը, սեռական փոքրամասնությունների դոմինանտ իրավունքների սահմանումը դարձել է «Իմ քայլը» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելություններից մեկը, որի կյանքի կոչման դրվագներին ականատես ենք լինում հիմա: Չկա որևէ պատահականություն, չկա մեկ անձի կապրիզով պայմանավորված դրվագ, սա համակարգված մոտեցում է, որն ուզում են ամեն գնով առաջ տանել»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Հիշեցնենք`ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ շարունակվում է ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների բողոքի ակցիան: Վերջիններս պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բողոքի ակցիա մասնակիցներին են միացել նաև տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում