Հասկանում եմ ուսանողների ընդվզումը. եթե ուսանող լինեի, նույն բանը կանեի. Արտակ Մովսիսյան

Հասկանում եմ ուսանողների ընդվզումը. եթե ուսանող լինեի, նույն բանը կանեի. Արտակ Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Aysor.am-ի զրուցակիցն է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

– Պարոն Մովսիսյան, ի՞նչ կարծիք ունեք ուսանողների բողոքի ակցիայի մասին։ Նրանց պահանջներն, ըստ Ձեզ, արդարացի՞ են։

– Ես կուզենայի, որ հարցն ամբողջության մեջ դիտարկեինք։ Մարտ ամսին կառավարությունը ներկայացրեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագիծը, և սեպտեմբերին ներկայացվեց նոր նախագիծ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին»։ Այդ նախագծի դեմ բավականին շատ դժգոհություններ եղան, այդ թվում՝ Ակադեմիայի ինստիտուտները դժգոհեցին, և մենք՝ ԵՊՀ գիտխորհուրդներով, դիրքորոշում ներկայացրեցինք։ Հոկտեմբերի 28-ին բաց նամակ դրեցինք համացանցում՝ դիմելով ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին, որ հետ կանչվի այդ նախագիծը։ Այն իր մեջ շատ վտանգավոր տարրեր էր պարունակում։ Կետերից մեկը վերաբերում էր Հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր դրույթը հանելուն։ Բայց ոչ միայն դա։ Կարևորագույն կետերից մեկը միաստիճան գիտական համակարգի մասին դրույթն էր, որը մեր գիտության համար ուղղակի գերեզմանաքար կդառնա։ Սա կործանարար է մեր գիտության համար։

Մեկ ուրիշ դրույթ վերաբերում էր բուհական համակարգի կառավարմանը, որն ուղղակի խայտառակություն է։ Այդ նախագծում նշվում է, որ նախարարությունը պետք է նշանակի բուհերի կառավարման խորհուրդների 12 անդամներից 6-ին, իսկ բուն բուհը պետք է ընդամենը 4 ներկայացուցիչ ունենա։ Ընդ որում՝ կառավարման խորհուրդը նշանակում է ռեկտորին, իսկ ռեկտորը՝ դեկաներին։ Դա չլսված բան է, այսպիսի խայտառակ բան չի եղել նույնիսկ խորհրդային ժամանակներում։ Սա նշանակում է, որ ակադեմիական ազատությունն ու բուհական ինքննավարությունն ուղղակի անտեսվում են։

Այս ընթացքում քննարկումներ են գնում, թե իշխանություններին այս ամենն ինչպես կարելի է խիստ տեղ հասցնել։ Սրան գումարվեց երկու բան՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, սեռափոխված Մելինե Դալուզյանի ֆիլմի հարցը, մյուսն էլ՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը։ Նախարարի անհասկանալի՝ «Միևնույն է, ինչ էլ անենք, սկզբունքային հարցերում զիջման չենք գնալու» կեցվածքը բերեց ուսանողների ընդվզմանը։ Ես լիովին հասկանում եմ այդ ընդվզումը։ Եթե ուսանող լինեի, նույն բանը կանեի։

– Ի՞նչ կարծիք ունեք բուհերի պարտադիր դասացանկից Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները հանելու նախաձեռնության վերաբերյալ:

– Բնականաբար, վերաբերմունքս բացասական է։ Մենք այսօր ազգային պետություն ենք և բազմաթիվ խնդիրներ ունենք։ Մեզ համար սա նաև ազգային գիտակցության և ինքնության հարց է։ Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ հրաժարվելու բոլոր մակարդակներում այդ առարկաների դասավանդման հնարավորություններից։ Ես նկատի ունեմ միջին, ավագ դպրոցները, բակալավրիատը։

– Պարոն Մովսիսյան, վերջերս մեծ աղմուկ են բարձրացրել «ՀուԶանք և Զանգ» ներկայացումն ու Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը, որոնք երկուսն էլ ֆինանսավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից: Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին. արդյոք այդպիսի միջոցառումները վտանգում են մեր ազգային արժեհամակարգը։

– Ինքս տեղյակ եմ, որ ԿԳՄՍ նախարարություն շատ-շատ նախագծեր են ներկայացվել և մերժվել են։ Մինչդեռ դրանք կարող էին շատ օգտակար լինել և կյանքի կոչվել 15-20 միլիոն դրամի շրջանակներում։ Բնականաբար, վերաբերմունքս դրական չէ։ Ես Մելինե Դալուզյանի անձի դեմ ոչինչ չունեմ, բայց այստեղ կեպարի խնդիրն է։ Դու փող ես ծախսում, որ քո երեխային ի՞նչ սովորեցնես։ Համացանցում քննարկումներ կան, ասում են՝ հանգիստ թողեք այդ աղջկան։ Այո՛, դա նրա ողբերգությունն է, բայց պարզապես ինչի մասին խոսում ես, նախարարությունն ասում է՝ բյուջեի սղություն կա։ Ուրմն ինչպե՞ս կարելի է 20 միլիոն հատկացնել մի մարդու մասին ֆիլմ նկարելու համար, ով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Չէ՞ որ նա մեր երկրում հարգված և մեծարված է եղել։ Ինձ համար սա հասկանալի չէ։

– Ինչպե՞ս եք գնահատում ԿԳՄՍ նախարարության աշխատանքն ընդհանուր առմամբ, վերջին 1.5 տարվա ընթացքում որևէ ռեֆորմ իրականացվե՞լ է:

– Նախ, անհասկանալի է նման սուպերնախարարության ստեղծումը, այդ մասին ժամանակին էլ շատ է նշվել։ Ի՞նչ է նշանակում գիտությունը, կրթությունը, մշակույթն ու սպորտը միավորել մեկ տեղում։ Այստեղ արդեն իսկ խնդիր ունենք։ Ռեֆորմների հիմքում պետք է մասնագիտական քննարկումներ լինեն։ Արայիկ Հարությունյանն ակադեմիական շրջանակների դժգոհություններից հետո, փոխանակ հրավիրելու կոմպետենտ մարդկանց և քննարկումներ կազմակերպելու, հայտարարում է, որ սկզբունքային հարցերում զիջումների չեն գնալու։ Կարծես՝ դիրքային պատերազմ ենք մղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում