ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով, մասնավորապես առաջարկվում է, որ ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց 94 կողմ և 1 ձեռնպահ ձայնով:

Առաջարկվող նախագծով, մասնավորապես, իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում նաեւ տվյալ ընկերության կառավարման միանձնյա եւ կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ եւ գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները տարաբնույթ են: Փոփոխությունների մի մասը հիմնականում ընթացակարգային են և որոշակի վարչարարության հստակեցումներ են ենթադրում, սակայն դրանք էականորեն բարելավում են նաև թույլտվությունների տրամադրման գործընթացը: Իսկ հայտարարագրերի ներկայացման նոյեմբերի 30 վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունվարի 30-ը:

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն իրականացնել վիճակագրական հաշվետվությունները հստակ պարտավորություն սահմանելու առումով, որպեսզի հնարավորինս բացառվեն կամայական ներկայացումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում