ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին

ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք տալ:

Հարցի քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զգուշացրեց, որ օրենքը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը և հայտնեց, որ իրենց խմբակցությունը առաջարկությամբ էր հանդես եկել, որ քաղաքական խմբակցության ղեկավարները ևս ընդգրկվեն Անվտանգության խորհրդի նիստում: «Այս փաթեթով հարցին ամբողջությամբ լուծում չի առաջարկվում, մանավանդ խորհրդարանական երկրում ենք, մեր առաջարկությունները մերժվել են, դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա:

Նախագծի հեղինակ Աննա կարապետյանն էլ վարման կարգով ելույթ ունեցավ և նշեց, որ պարզաբանվել է, թե ինչու չի ընդունվել խմբակցության առաջարկը. «Չընդունելը պայմանավորված էր Սահամանդրությամբ, եթե այսքանից հետո հասկանալի չի եղել և դուք դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն է»,- հայտարարեց նա:

Կարապետյանի այս ձևակերպումն էլ դուր չեկավ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, նա նույնպես վարման կարգով ելույթ ունեցավ և ասաց. «Հարգելի՛ գործընկերներ, կոչ եմ անում էս դահլիճում մնալ կոռեկտության սահմաններում, ի՞նչ է նշանակում հասկանալի է եղել, հասկանալի չի եղել, կուսակցությունը կարող է ունենալ դիրքորոշում և ունի: Որևէ մեկին իրավունք չի վերապահվում դրան տալ որևէ գնահատական: Քվեարկելու ենք այդպես, ձեզ համար դա լավ է, վատ է, դա այլ հարց է, խնդրում եմ գնահատականներ չտալ»:

Հարցը դրվեց քվեարկության և ձայների՝ 66 կողմ, 14 դեմ և 20 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունվեց: Նշենք, որ որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ քվե: ԼՀԿ-ն դեմ քվեարկեց, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ:

Նշենք, որ օրինագծի հեղինակ Աննա Կարապետյանը նշել էր, որ փոփոխություններն ուղղված են խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությամբ պայմանավորված ԱԺ դերի բարձրացմանը և կարևորության ընդգծմանը: «Հայաստանի Հանրապետությունն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, և պետք է կարողանա հավուր պատշաճի խորհրդարանական վերահսկողություն իրականացնել բոլոր ասպեկտներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԱԺ նախագահին իրավունք վերապահել մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, և առաջարկներ ներկայացնելու օրակարգի ու քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ: Նույնաբովանդակ լրացումներ կատարվում են նաև «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում»,- նշել էր նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում