Փաշինյանն՝ իր և Պուտինի նախնական պայմանավորվածությունների մասին

Փաշինյանն՝ իր և Պուտինի նախնական պայմանավորվածությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ և 2020 թվականի երկրորդ կեսին կամ 2021 թվականի առաջին կեսին ՌԴ նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին։

«Վերջին 6 ամիսներին Հայաստան են ժամանել ՌԴ նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը, ինչն աննախադեպ է։ Կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում։ Արդյոք դա վկայում է հայ-ռուսական հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին, և որն է այդ բարձր մակարդակն առաջիկա տարիների համար»,- հարցրեց պատգամավորը։

Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում՝ ՌԴ-ում։

«Եկեք արձանագրենք, որ այդ հարցերը ծագել են բոլոր ոլորտներում»,-ասաց նա։

Անդրադառնալով իր ու ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «2018 թվականի արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն աննախադեպ դինամիկա ունեին: Ժամանակի ընթացքում հարցերը ստանում են պատասխաններ, ընդ որում, այդ պատասխանները նաև որոշակի ընկալելու, կշռելու, դրանց խորությունն ու անկեղծությունը երկուստեք հասկանալու խնդիր կա: Ես դեռ անցած տարի ամառն եմ ասել, որ մեր մոտ պրոցես է գնում, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ ու որակ արձանագրվի։ Կարող եմ ասել՝ հիմա դա արձանագրվել է ու տեղի է ունենում: Հիմա ավելի վստահ կարող եմ ասել այդ մասին։ Եթե շատերը նախկինում կասկածով էին նայում դրան, հիմա հրապարակային գործընթացները լրացնում են բաց»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում