Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին

Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նախօրեին՝ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով ու պատասխանեցին հարցերի։

Լրագրողներից մեկը հարց ուղղեց Թուրքիայի նախագահին Սիրիայի հյուսիսային սահմանում քրիստոնյաների պաշտպանության մասին, որոնք շատ խոցելի են։

«Տեղում գտնվող խմբերն ասում են, որ քրիստոնյաների նկատմամբ հարձակումները շատացել են։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ Թուրքիայի կառավարությունը կպաշտպանի նաև քրիստոնյաներին այդ տարածաշրջանում, քանի որ հարձակում եղավ հայ հոգևորականի վրա, ով սպանվեց այս շաբաթ ու «Իսլամական պետությունը» ստանձնեց պատասխանատվությունը»,-հարցրեց լրագրողը։

Էրդողանն ասաց, որ քաղկեդոնացիները, եզդիները, քրիստոնյա փոքրամասնությունները մի ոլորտ է, որտեղ իրենք շատ զգայուն են։

«Այստեղ մենք ունենք հստակ այլ ծրագրեր։ Այն մարդիկ, ովքեր մնացել են Սիրիայի կողմում, որոնց սրբավայրերն են ավերվել, որոնց եկեղեցիներն են ավերվել, մենք կվերականգնենք նրանց սրբավայրերը, եկեղեցիները, որ նրանք կարողանան գնալ ու աղոթել կրկին։ Սա են այն ծրագրերը, որ մենք նախատեսում ենք նրանց համար։ Ինչպես ասել եմ նախկինում, քրիստոնյա փոքրամասնությունները, արամեացիները, քրիստոնյա կաթոլիկները, քաղկեդոնացիները, եզդիները, նրանք, ովքեր ապրում են սահմանի մեր կողմում, ընդհանրապես խնդիրներ չունեն, սակայն նրանք, ովքեր մնում են Սիրիայի տարածքում կտեսնեն, որ մենք վերականգնում ենք նրանց երկրպագության պրակտիկան։ Նրանք ստանում են առողջապահական, մարդասիրական օգնություն՝ հնարավոր ամեն առումով»,-ասաց Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում