Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill

Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել է, որ արգելափակել է ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը Սենատի կողմից, գրում է The Hill պարբերականը:

Գրեհեմն օգտվել է կանոնից, ըստ որի՝ մի սենատոր կարող է արգելափակել բանաձևի ընդունումն ամբողջ պալատի կողմից:

«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Գրեհեմը հեռուստատեսությամբ հեռարձակվող Սենատի նիստի ժամանակ:

Սենատորը հավելել է, որ սենատորները «չպետք է «գույներ հաղորդեն» կամ վերաշարադրեն պատմությունը»:

Նիստի ժամանակ բանաձևն առաջարկել է ընդունել Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի դեմոկրատ անդամ Ռոբերտ Մենենդեսը:

«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդու իրավունքների և մարդկության դեմ հանցագործությունների խախտումները, ինչպես նաև էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը»,- հայտարարել է Մենենդեսը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր քվեարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում