Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան

Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մենք գտնվում ենք մեր պետության զարգացման, հավանաբար, ամենավտանգավոր փուլում: Իմ գնահատմամբ` նման վտանգավոր փուլ չի եղել: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը` նշելով, թե իրեն հենց տագնապի աստիճանի մտահոգությունն էլ բերել է քննարկմանը:

Շահնազարյանի խոսքով` վերջին 1.5-2 տարում սրվել են նախկինում եղած խնդիրներն ու դրանց ավելացել են նորերը` արտաքին քաղաքական և տարածաշրջանային նոր որակի վտանգավոր սպառնալիքներ:

Շահնազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` նշելով, թե ներկայիս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել, բայց առանձնացրեց մեկը, որը, իր խոսքով, կարևորություն ունի` ներկայիս իշխանությունը կարգավորման հարցը կամ բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էին, այլ նոր և իր կետից:

«Մինչև 2018 թ. մայիս` բանակցային սեղանին էր գտնվում օրակարգային միայն մեկ հարց` շփման գծի երկայնքով միջոցառումներ` միջազգային հանրության եռանախագահողների նախաձեռնություններ, հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ Մինսկի դիտորդական խմբի ընդլայնում և զինադադարի խախտման միջազգային մեխանիզմների ստեղծում: Սա շփման գծում միջազգային տարրեր ստեղծելու հարց էր: Կարգավորման իմաստով կար, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որն էապես փոխել էր իրավիճակը, միջազգային հանրության վերաբերմունքը Ղարաբաղի հակամարտության նկատմամբ: Երրորդը` հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանն ու միջազգային հանրությունը մեկ տեսակետի էին, Ադրբեջանը` այլ»,– հայտարարեց Շահնազարյանը, ապա մատնանշեց ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը:

«Առաջինը` ներկայիս իշխանությունները, կարծես թե, ընդհանրապես չեն ուզում խոսել մադրիդյան երեք սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի և ուժի սպառնալիքի բացառման մասին: Ըստ էության` մերժում են: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը իշխանությունների իրարամերժ հայտարարությունների և դիրքորոշումների պատճառով տարվել է փակուղի»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում