Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը

Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Նախկիններին մերժել եք, հասկանալի է, բայց ինչը չեք մերժել: Սա է մեզ համար ամենակարևորը: Չեք մերժել կադրային արատավոր քաղաքականությունը, որը հիմա աչք է զարնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, երբ ասում են՝ իշխանության է եկել ժողովուրդը, նշանակում է, որ ժողովրդի միջից պետք է գտնել ամենալավերին ու նշանակել տվյալ պաշտոնում, ոչ թե մենակ իրենց հետ քայլածներին:

«Եթե արատավոր մեքենան շարունակում է աշխատել…Ի՞նչն ես մերժել, մերժել ես անձին: Կատարված սխալները, որոնք մենք պետք է իսկապես մերժեինք, պահպանվել են: Այսօր ի՞նչ ժողովրդավարության մասին են խոսում: Այսօր մեկ անձի իշխանություն է, մեկ հոգի է ամեն ինչ որոշում: Նախորդ 20 տարիներն էլ մի բան չէին: Այն ժամանակ էլ ենք ասել, հիմա էլ՝ պետք է համակարգ փոխվի: Պետք է համակարգն այնպիսի զսպող մեխանիզմներ իր մեջ ունենա, որ որևէ մեկն իշխանությունը յուրացնելու, իր շահերի համար օգտագործելու հնարավորություն չունենա»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Նա նշեց, որ նոր, լիարժեք հակակոռուպցիոն պայքար չի ձևավորվել, հակակոռուպցիոն պայքարը 90 տոկոսով ուղղված է նախկինների դեմ:

Հարցին՝ հիմա թալանո՞ւմ են, ՀՅԴ-ական գործին ասաց. «Բա, իհարկե: Արդեն կան մի քանիսը: Իրավապահները զբաղվում են»:

Ա. Ռուստամյանի խոսքով, այսօր քրեական գործեր հարուցելը դարձել է իշխանությունների համար գործիք իրենց ընդդիմադիրների դեմ պայքարելու համար:

«Բոլորի դեմ էլ կարող են գործ հարուցել: Արսեն Բաբայանին 22 օր պահել են: Սա նորմա՞լ է: Իհարկե, մեղավորներին պետք է բռնեն, պատժեն, բայց եթե անգամ մեկ անմեղ մարդ է պատժվում, արդեն իրավական համակարգ գոյություն չունի: Ինքնիրավչություն է տեղի ունենում այսօր»,- ասաց ՀՅԴ-ականը:

Նրա խոսքով, Հայաստանն այսօր հետ է գնում դեպի 1990-ականների Հայաստան. «90-ականների կոսմոպոլիտիզմն է, դրան գումարվել է աղանդավորությունը, այլասերվածության լայնածավալ քարոզչությունը: Գնալով հետ ենք գնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում