Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան

Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտները իջեցվում են Փաշինյանի կոպիտ, գռեհիկ հայտարարությունների՝ «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» մակարդակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության լուրերի ֆեյսբուքյան էջում հրապարակված ծաղրանկարներին:

«Խնդրին կարելի է երկու տեսանկյունից նայել. առաջինն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է հանրային փողերով, մեր բոլորի տված փողերով, իրեն թույլ է տալիս միակողմանի, գռեհիկ քարոզչություն, մյուս կողմն այն է, որ այս թեման բարձրացնելով՝ իշխանությունները փորձում են վանել այն կասկածները, որոնք արդեն-իսկ իրենց վզից կախված են: Այսինքն՝ այդ կոռուպցիա կոչվածը, եթե կար նախկին ռեժիմի ժամանակ, հիմա ոչ միայն չի թուլացել , այլև շատ ավելի գռեհիկ ձևեր է ստացել՝ սկսած 2 մլն դոլարով Փաշինյանի տունը վերանորոգելուց, 55 մլն դոլարով նրա համար ինքնաթիռ գնելուց և այլն, և այլն: Այս երկու ֆունկցիան Հանրային հեռուստաընկերությունը վերցրել է իր վրա, որ այդ ամեն ինչը ներկայացնի սխալ լույսի տակ, կամ իր համար հաճելի լույսի տակ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հիմա էլ հանրայինն է լծվել նախկին իշխանություններին ծաղրելու գործին, որ ուշադրությունը վարչապետից շեղվի: «Դա է ողջ խնդիրը: Այսօրվա կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ տալիս են մանկապարտեզի բացատրություններ, թե ինքնաթիռը պետության համար է գնվում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, բայց պետությունը 30 տարի է՝ գոյություն ուներ և առանց այդ ինքնաթիռի կարողանում էր «յոլա գնալ»: Ասում են՝ տունը վերանորոգում են պետության համար, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, բայց նախկինում 2 մլն դոլարով պետությունը երբեք չի մտածել, որ կարող է իր համար տուն վերանորոգել: Այսինքն այս գռեհկությունները իրենք փորձում են քողարկել ավելի գռեհիկ ծաղրանկարների տակ»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ հիմա էլ Հանրային հեռուստատեսությունն է իջեցվում Փաշինյանի մակարդակին: «Այսինքն՝ ոչ միայն Հանրայինը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի կոպիտ, գռեհիկ հայտարարությունների՝ «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» մակարդակին: Սա նորմալ է, որովհետև Հայաստանում այսօր մենիշխանություն է: Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը տարածվում է ոչ միայն վարչապետի աշխատակազմի, այլև ողջ Կառավարության, Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև մնացած բոլոր ինստիտուտների վրա»,- ասաց նա:

 

 

Ինչ վերաբերում է այսօր Ազգային ժողովում վարչապետի՝ լրագրողների հարցերին չպատասխանելուն և լրագրողների դժգոհությանն առ այն, որ բարիկադներ էին կառուցվել, որպեսզի լրագրողները հարցեր չկարողանան ուղղել վարչապետին, Ենոքյանն ասաց. «Տարի ու կես առաջ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վարչապետն էր, հիմա նա դարձել է վարչապետ և փորձում է իր գործողությունները հնարավորինս գաղտնի պահել ժողովրդից, հեռու մնալ լրատվամիջոցներից, որովհետև արդեն իսկ կան հարցեր, որոնց պատասխաններն ինքը չունի, անգամ իր մեծածավալ «կռուտիտների» դեպքում: Հիմա նա նախընտրում է միայն ունենալ ֆեյսբուքյան լայվեր, ամբիոններից հայտարարություններ, որովհետև դրանք միակողմանի մեսիջինգ են, այդ դեպքում ինքը հարցերի չի պատասխանում, ինքը հայտարարություններ է անում և ինքն է հարցադրումներ անում»:

Tert.am-ը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել՝ ինչու այսօր վարչապետը չի պատասխանել լրագրողների հարցերին, սակայն մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել. Կարապետյանը զանգերին չպատասխանեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում