Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը

Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այցի ընթացքում Լավրովի արտահայտած մտքերը մեծ ոգևորությամբ ընդունվեցին հայաստանյան որոշ քաղաքական գործիչների և փորձագետների կողմից: Ինչո՞ւ էր Լավրովը այդքան բարեհաճ մեր նկատմամբ: Այս հարցը առաջին հայացքից տարօրինակ է՝ հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Մյուս կողմից օրինաչափ է, քանի որ ռուսական լրատվական և փորձագիտական շրջանակների կողմից հիմնականում բավական բացասական ազդակներ կան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության: Սա հիմնականում պայմանավորված է եղել «Մարտի 1»-ի գործի ընթացքի և Հայաստանում ռուսական ընկերությունների հետ կապված խնդիրներով: Հարցի պատասխանը հենց այս երկու իրողությունների արանքում է: Իշխանության հախուռն գործողությունների և տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ երբեմն լուսանցքում են հայտնվում ծանրակշիռ իրողությունները, որոնց ժամանակ առ ժամանակ պետք է անդրադառնալ:

Հայ-ռուսական հարաբերությունները ունեն ռազմավարական բնույթ, որտեղ մեծ կարևորություն ունեն Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերը տարածաշրջանում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում հեգեմոն դիրքի պահպանումը։ Վերջին շրջանում սրան է գումարվել նաև Մերձավոր Արևելքի հետ միջանցք ստեղծելու՝ Հայաստանի հնարավոր դերի հնարավորությունը:

Ռուս-վրացական պատերազմից հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանի անվտանգային համալիրը կերպափոխվել է: Այստեղ Ռուսաստանը ամենախորը համագործակցության մակարդակը շարունակում է ունենալ Հայաստանի հետ: Ադրբեջանը շարունակում է խուսափել որևէ ուժային կենտրոնին միանալուց և վարում է հնարավորինս չեզոք արտաքին քաղաքականություն: Սակայն սա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանին ինտեգրել եվրասիական տնտեսական և ռազմական կազմակերպությունների մեջ:

Հայաստանում տեղակայված ռազմական բազան ռուսական՝ տարածաշրջանային ներկայության անկյունաքարն է: Սրա մասին ևս մեկ անգամ վկայեց վերջերս Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով. «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազան Կովկասում կայունության երախավորն է…»: Գաղտնիք չէ, որ Կովկասի անվտանգային համալիրի մեջ կարևոր տեղ ունի ղարաբաղյան հակամարտությունը։ Այս առումով ռազմաբազայի դերի ընգծումը ևս մեկ անգամ արձանագրում է տարածաշրջանային կայունության և ղարաբաղյան հակամարտության շուրջ գործընթացների մեջ Ռուսաստանի ծանրակշիռ դերը։

Հարավկովկասյան քաղաքականության մեջ Թուրքիայի նկատմամբ ռուսական քաղաքականությունը մնում է նույնը: Ռուսատանի շահերից չի բխում վերջինիս ներգրավումը տարածաշրջանի գործերում՝ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության մեջ: Իզուր չէր Սերգեյ Լավրովը հիշել հայ-թուրքական արձանագրությունների մասին, որոնց մասին խոսելիս արտգործնախարարը ակնարկեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարող անջատ դիտարկվել ղարաբաղյան հակամարտութունից: Հետևապես՝ տարածաշրջանային ստատուս-քվոն պետք է պահպանվի այնպես, ինչպես ձեռնտու է Ռուսաստանին:

Բացի Կովկասում ունեցած շահերից հայ-ռուսական հարաբերությունները նոր իմաստ են ստանում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների պարագայում: Սիրիայում ռուսական ներկայությունը և Թուրքիայի վերջին շրջանի ագրեսիվ քաղաքականությունը նոր դեր են «վերագրում» Հայաստանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղության մեջ: Դեռևս տարեսկզբին Սիրիա ուղարկվեց հայկական հումանիտար առաքելությունը: Հոկտեմբերին Թուրքիայի՝ հյուսիսային Սիրիա ներխուժման ժամանակ տեղի հայ համայնքի պաշտպանության շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վարչապետ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Չնայած այս ամենը հայ-ռուսական համագործակցության օրակարգում փոքր տեղ է զբաղեցնում, սակայն նոր ձևաչափեր են, որոնք կարևոր է արձանագրել:

Ամփոփելով վերոնշյալը՝ Ռուսաստանի համար Հայաստանը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել կովկասյան և որոշ չափով նաև մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Իսկ Սերգեյ Լավովի բարիդրացիականությունը պայմանավորված էր «հավերժ շահերի» և պակաս՝ «հավերժ բարեկամների» առկայությամբ:

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում